06 12 2021

Ջազ սիրողների մոտ զարգացած է քննադատական միտքը, իսկ ջազը մտածելակերպ է․ Բիլլի Քոբամ

Ջազ սիրողների մոտ զարգացած է քննադատական միտքը, իսկ ջազը մտածելակերպ է․ Բիլլի Քոբամ

«Yerevan Jazz Fest 2021» միջազգային 7-րդ փառատոնը կեզրափակվի այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ տեղի կունենա փառատոնի պատվավոր հյուրի` աշխարհահռչակ թմբկահար, կենդանի լեգենդ Բիլլի Քոբամի մենահամերգը: 

Բիլլի Քոբամը այսօր «Մեցցո» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ խոստովանեց, որ երկար է սպասել հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը և շատ ուրախ է: Շրջելով Երևանում՝ դրական տպավորություններ է ստացել քաղաքից:

Անդրադառնալով ջազի երկրպագուներին՝ երաժիշտն ասաց, որ նրանք ամեն տեղ տարբեր են: «Ըստ իս՝ ջազի սիրահարները բարձր մտավոր ունակությունների տեր մարդիկ են. նրանց մոտ զարգացած է քննադատական միտքը, իսկ ջազը մտածելակերպ է: Ջազն ու ջազի սիրահարները նման են տաբեր լեզուների: Օրինակ՝ հայտնի ջազային  «My Funny Valentine» երգը տարբեր կատարումներ ունի: Հայաստանում այն  մի կերպ են ներկայացնում, Ճապոնիայում մեկ այլ կերպ… Բազմազանություն կա: Ջազի սիրահարները ևս տարբեր են»,- ասաց նա:

Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն ասաց, որ չնայած վերջին երկու տարիները շատ ծանր էին մեր երկրի համար, սակայն Ջազի հայկական ասոցիացիան իր ավանդույթին հետեւելով՝ որոշում կայացրեց այս տարի եւս կազմակերպել Ջազ փառատոն՝ մարդկանց առօրյայում մի փոքր ուրախություն մտցնելու համար:

Փառատոնը մեկնարկել է նոյեմբերի 17-ին «Ararat Jazz Night» համերգով, որի գլխավոր հյուրն է եղել «Գրեմմիի» դափնեկիր, աշխարհահռչակ բաս կիթառահար Ռիշար Բոնան: Փառատոնի շրջանակում Կինոյի տանը ցուցադրվել է «Կեսգիշերին մոտ» (Round midnight) ջազային մոտիվներով ֆիլմը, երաժշտությունը` Հերբի Հենքոքի: Ջազ փառատոնը հասել է նաև Դիլիջան՝ Մալխաս ջազ բենդի և Վահագն Հայրապետյանի բենդի համատեղ համերգով: «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախմբի միջոցառումը, որը նվիրված է եղել Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին: Հնչել են Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ Վահագն Հայրապետյանի ջազային մշակմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ