25 10 2021

Հանրահավաքներ՝ նոյեմբերի 9-10-ը. ինչո՞ւ և ինչպե՞ս ընտրվեցին այդ օրերը. կարևոր փաստեր և պարզաբանումներ. Yerkir.am

Հանրահավաքներ՝ նոյեմբերի 9-10-ը. ինչո՞ւ և ինչպե՞ս ընտրվեցին այդ օրերը. կարևոր փաստեր և պարզաբանումներ. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ Հանրության որոշ շրջանակներ, այդ թվում՝ ուղղորդված կամ ուղղորդող հատվածները, այս օրերին թեժ քննարկում են ծավալել՝ հընթացս քննադատելով «Հայաստան» դաշինքին և ՀՅ Դաշնակցությանը, թե՝ ինչո՞ւ են հանրահավաքներ և բողոքի գործողություններ կազմակերպում հենց նոյեմբերի 9-10-ը, երբ, ըստ քննադատների, այդ օրերին Փաշինյանը կարող է կա՛մ արդեն ստորագրած լինել հերթական դավաճանական փաստաթուղթը, կա՛մ ստորագրելիս լինել, և, կրկին ըստ քննադատների, նշյալ հանրահավաքները կամ ընդվզումները հնարավոր է խիստ ուշացած լինեն: Ոմանք էլ, հավանաբար ուղղորդվելով համապատասխան շրջանակների կողմից և փորձելով ավելի դրամատիկ գույներ հաղորդել իրենց քարոզչությանը, հայտարարում են, թե ընդդիմությունն իբր դիտավորյալ է այդ օրերին կազմակերպում հանրահավաքները, որպեսզի չվնասի Փաշինյանին:   

Վերոնշյալ քննարկումներին, քննադատություններին և անհիմն դատողություններին մեկընդմիշտ վերջ տալու համար ստորև ներկայացնում ենք փաստերի հաջորդականությունը:

Եվ այսպես՝ «Հայաստան» դաշինքը՝ ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի միջոցով, նոյեմբերի 9-10-ին տեղի ունենալիք հանրահավաքների մասին համապատասխան իրազեկում է ուղարկել քաղաքապետարան, ուշադրություն՝ հոկտեմբերի 11-ին և 14-ին (Երևանի քաղաքապետարանի՝ այդ մասին փաստող որոշումը տե՛ս ստորև): Երկրորդ անգամ իրազեկման անհրաժեշտությունն առաջացել է քաղաքապետարանի որոշ նկատառումների և, դրանով պայմանավորված, իրազեկման մեջ որոշ լրացումներ կատարելու բերումով (տե՛ս ստորև բերված Հ. 172 արձանագրությունը):

Արդյունքում՝ հոկտեմբերի 18-ին Երևանի քաղաքապետարանն իր որոշմամբ ի գիտություն է ընդունել Իշխան Սաղաթելյանի իրազեկումը նոյեմբերի 9-ին և 10-ին՝ ժամը 18.00-20.30-ը, Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու մասին։

Միջանկյալ նշենք զավեշտալի մեկ փաստ. ՀՀ ոստիկանությունը, Երևան քաղաքի վարչության պետի համապատասխան գրությամբ, սահմանափակել է նշյալ հանրահավաքների ժամանակ երթերի իրականացումը պետական մարմինների, մասնավորապես՝ որոշ օբյեկտների հարակից տարածքներով: Բնականաբար, խոսքը կառավարության շենքի և այնտեղ ահուդողով նստած անձի հերթական խայտառակ հրամանի մասին է:

Ինչևէ: Վերադառնալով խնդրին՝ փաստենք, որ նոյեմբերի 9-ին Փաշինյանի կողմից հնարավոր ստորագրվելիք երկու փաստաթղթերի մասին տեղեկությունը մամուլում սպրդեց, կրկին ուշադրություն, հոկտեմբերի 22-ին, այն է՝ Դաշնակցության՝ հանրահավաքների անցկացման որոշման մասին Երևանի քաղաքապետարանին իրազեկելուց ուղիղ 11 օրանց:

Ինչ է ստացվում. «Հայաստան» դաշինքը նշված օրերին հանրահավաքներ իրականացնելու որոշում է կայացրել ոչ թե նշված դավադիր և գաղտնի հերթական փաստաթղթերի՝ Փաշինյանի կողմից հնարավոր ստորագրման տեղեկությունների սփռման պատճառով՝ դրանով, իբր, փորձելով կանխել այդ ամենը, այլ հանրավաքներն ընդամենը ընդդիմության՝ փողոցային պայքարի վերսկսումն ազդարարելու նպատակ են ունեցել, իսկ նշված օրերը, բնականաբար, ընտրվել են դավադիր հայտարարության մեկամյա տարելիցի կապակցությամբ:

Ահա ողջ իրողությունը: Եթե, այս ամենով հանդերձ, որոշ շրջանակներ վերստին շարունակեն ինչ-ինչ դավադրություններ փնտրել Դաշինքի՝ նշված օրերին հանրահավաքներ իրականացնելու մեջ, ապա դրանով պարզապես կընդգծեն սեփական դավադիր կեցվածքը և կխոստովանեն Փաշինյանի հայրենակործան ռեժիմին ուղղակի կամ անուղղակի ծառայելու՝ նույնչափ դավադիր մղումների մասին:

Հ.Գ. Վերոնշյալը բոլորովին չի նշանակում, որ «Հայաստան» դաշինքը մինչ նոյեմբերի 9-ը որևէ քայլ չի ձեռնարկելու Փաշինյանի հնարավոր նոր դավադրություններն ամեն գնով կանխելու համար և սահմանափակվելու է արդեն իսկ հայտարարված օրերին հանրահավաքների անցկացմամբ: Բնականաբար, Դաշինքը ոչ միայն մեկը մյուսին որևէ կերպ չի հակադրում, այլև ճիշտ հակառակը՝ դրանք, ըստ Դաշինքի ներկայացուցիչների բազմաթիվ հայտարարությունների, փոխլրացնում են միմյանց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ