01 07 2019

Կաշկանդված ոստիկանները համակարգում տեղ չունեն. ոստիկանապետ



Հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժամնումների ղեկավար կազմի հետ։

Վալերիյ Օսիպյանը նախ անդրադարձավ մայրաքաղաքում գիշերային ժամերին իրականացվող ուժեղացված ծառայություններին, շեշտեց, որ հպարտանում է բարեխիղճ ծառայողներով:

Ոստիկանության պետը խոսեց նախկինում տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին: Ընդգծեց, որ հասարակական կարգը խախտող քաղաքացիների, կարգազանց վարորդների նկատմամբ անհրաժեշտ է լինել խիստ և սկզբունքային. «Օրենքի առաջ հավասար են բոլորը, անկախ պաշտոնից, դիրքից, մեքենայի մակնիշից ու համարանիշից, հարկավոր է ծառայել համարձակ: Անհրաժեշտության դեպքում օրենքը թույլ է տալիս նաև ֆիզիկական ուժ գործադրել, սակայն ֆիզիկական ուժի կիրառումը պետք է տարբերել բռնությունից: Իսկ կաշկանդված ոստիկանները, որոնք իրենց անգործությամբ կասկածի տակ կդնեն ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը, համակարգում տեղ չեն ունենա»,-ասաց Վալերիյ Օսիպյանը:

Անդրադառնալով ծառայության արդյունավետության հետագա բարձրացման խնդրին` ոստիկանության պետը նշեց, որ դրա հիմքում պետք է դրվի աշխատանքային ու կատարողական կարգապահության հետևողական բարելավումը, խստապահանջ մոտեցումը կադրերի ընտրությանն ու գործառնությանը, և որ անչափ կարևոր է` անհանդուրժողականություն է պետք ցուցաբերել կոռուպցիոն ցանկացած երևույթի նկատմամբ: Հատկապես այս խնդրում, ընդգծեց ոստիկանության պետը, պետք է բացառվի որևէ ներողամտություն:

Վալերիյ Օսիպյանը բացահայտումների արդյունավետության բարձրացման համատեքստում խոսեց նախկինում կատարված հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքների ակտիվացման կարևորության, նաև կանխարգելիչ միջոցառումների մասին:

Ոստիկանության պետը նկատեց, որ լիարժեք ու բարձրորակ ծառայությունը պետք է ամենօրյա լինի:

Քննարկվեցին ոստիկանության ստորաբաժանումների ծառայության հետ կապված այլ հարցեր ևս:

Խորհրդակցության ավարտին Վալերիյ Օիպյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց մասնակիցներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ