19 04 2024

3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին



Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո շուրջ երկու տարի բազմիցս ելույթներ է ունեցել բռնությունը բացառելու մասին։ Հիշենք դրանցից մի քանիսը․

17․05․2018թ․ «Մեր սկզբունքը հետևյալն է՝ մեր երկրում բռնությունը որպես գործիք պետք է բացառվի: Ինձ չի հետաքրքրում ով է բռնության հեղինակը և ով է բռնության զոհը: Այսինքն՝ տվյալ դեպքում ընդհանրապես որևէ կապ չունի քաղաքական որ թիմից է, որ ճամբարից է, որ կուսակցությունից է: Մենք  պետք է ունենանք բռնությունից զերծ հանրություն»։

Դրանից օրեր անց՝ կառավարության ծրագիրը խորհրդարանում ներկայացնելիս, հայտարարեց․ «Չափազանց կարևոր եմ համարում հանրային համերաշխության հաստատումը։ Մենք պետք է լրջագույն ջանքեր գործադրենք Հայաստանում բռնությունից զերծ հանրություն ունենալու, բռնությունից զերծ հարաբերություններ հաստատելու համար։

Ժողովրդի վստահությունը վայելող մեր կառավարությունն իրեն պատասխանատու է համարում յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ քաղաքական հայացքներից, անվտանգության համար, և չի կարող թույլ տալ, որ ներքաղաքական կամ հանրային հարցերի պարզաբանման ընթացքում լինեն վենդետաներ, հնչեն կրակոցներ, զոհեր լինեն և արյուն թափվի»։

05.08.2019թ․, Ստեփանակերտի հայտնի ելույթում ասում է․ «Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից։ Մեր իրականության մեջ մենք իրար մեջ հարցեր լուծելու համար բռնությունը պետք է բացառենք։ Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն և հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն»։ 

Չնայած այս ամենին, բռնության, զենքով հարց լուծելու մասին հաղորդագրությունները, ահազանգերը ամենօրյա են, անգամ օրը մի քանի անգամ։ Բայց կան նաև բռնության դեպքեր, որոնք աննախադեպ են։ Օրինակ՝ աննախադեպ էր Եռաբլուրում 44-օրյա պատերազմի նահատակ հերոսների ծնողների նկատմամբ ոստիկանության հարձակումը և բռնի ուժով բերման ենթարկելը։

Մի աննախադեպ դեպք էլ գրանցվեց 10․02․2023թ․։ Երևանի Էրեբունու բաժնում փաստաբանների էին ծեծել՝ իրենց վստահորդների շահերը պաշտպանելու ժամանակ։ Ոստիկանները երեկ ծեծի էին ենթարկել փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին։

Մեկ այլ աղմկահարույց դեպք տեղի ունեցավ ապրիլի 16-ին, երբ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վեճի բռնված Սամվել Վարդանյանին ոստիկանության ավտոմեքենայից դիմակավորված անձինք «գողացել էին», ծեծել, արժանապատվությունը վիրավորող գործողություններ կատարել։

Հասարակական մեծ դժգոհությունից, աղմուկից հետո միայն օրեր անց Սամվել Վարդանյանը հրավիրվել է հարցաքննության՝ որպես տուժող․ իսկ մեղադրյալ չկա։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը 17․05․2018թ․ կառավարության նիստում նաև հայտարարել էր․ «Բռնության որևէ դեպք չի կարող մնալ առանց քննության և իրավական հետևանքի։ Բացառված է բռնության որևէ դեպք, որն ամբողջական ու մինչև վերջ քննության չարժանանա: Սա որպես սկզբունք եկեք արձանագրենք»:

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ