29 07 2018

Նախագահը մասնակցել է «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի փակմանը

Նախագահը մասնակցել է «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի փակմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հուլիսի 28-ի երեկոյան մասնակցել է «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը:

Մինչ այդ, նախագահ Սարգսյանը կազմակերպիչների և մի խումբ մասնակիցների ուղեկցությամբ շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել ստեղծված ճամբարային պայմաններին, տեղեկացել մեկշաբաթյա միջոցառման ընթացքում ստարտափների համար կազմակերպված ուսուցողական նախագծերի ու մրցույթների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի ու նախաձեռնությունների մասին։

Այնուհետև Հանրապետության նախագահը երեկոյան խարույկի շուրջ անմիջական զրույց է ունեցել միջոցառման մասնակիցների հետ։ Նա նշել է, որ եկել է հանդիպելու 21-րդ դարի առաջնորդների հաջորդ սերնդի հետ, քանի որ 21-րդ դարում երկրների զարգացման հիմնական ռեսուրսը գիտելիքն ու գաղափարները, ստարտափներն ու հավելվածներն են։ Դիմելով ներկա երիտասարդներին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Երազեք համարձակ։ Երբ մեծ երազանք եք ունենում, մեծ ծրագրեր եք կազմում ու համառորեն աշխատում, անպայման հասնում եք այդ երազանքին։ Կոտրեք կարծրատիպերը, հայտնաբերեք այնպիսի բաներ, որոնք մյուսները չեն նկատել։ Ազատ եղեք ձեր մտածողության մեջ ու ձեր պատկերացումներում, եղեք ստեղծագործ և մի վախեցեք ոչ մի բանից։ Միշտ հիշեք, որ եթե հավատաք ինքներդ ձեզ, առաջ շարժվեք դեպի ձեր նպատակը, կդառնաք այն, ինչ ցանկանում եք լինել»։ Նա նաև պատասխանել է մասնակիցների մի շարք հարցերին։

Փակման արարողության ժամանակ նախագահ Սարգսյանը ողջունել է «Սևան ստարտափ սամմիթ»-ի կազմակերպումը և մաղթել, որ այն համաշխարհային նշանակություն ձեռք բերի՝ Հայաստանում համախմբելով նորարարական տեխնոլոգիաներով ու գաղափարներով հետաքրքրվողներին՝ ամբողջ աշխարհից։ Նախագահը հայտարարել է, որ ստարտափների համար նախատեսված մրցանակներին հաջորդ տարի կավելանա ևս մեկ՝ Հանրապետության նախագահի մրցանակ, ինչպես նաեւ հատուկ մրցանակ՝ կազմակերպիչների համար։ Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել միջոցառման անցկացմանը։

«Սևան ստարտափ սամմիթ»-ի նպատակը ստարտափների և ներդրողների միջև կապերի հաստատումն է և փոխգործակցության նոր ուղիների հայտնաբերումը: Այս տարի միջոցառմանը մասնակցել է շուրջ 1000 ձեռներեց 35 երկրից, այդ թվում՝ 120 ստարտափ թիմ, ներդրող, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչ, մենթոր, բիզնես փորձագետ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ