05 04 2024

Ես չեմ իմացել, թե ինչ թղթի տակ եմ ստորագրում․ ստորագրությունս համարեք հետ կանչված․ Տիգրան Մանսուրյան․ Հրապարակ

Ես չեմ իմացել, թե ինչ թղթի տակ եմ ստորագրում․ ստորագրությունս համարեք հետ կանչված․ Տիգրան Մանսուրյան․ Հրապարակ

Hraparak.am-ը հարցազրույց է վարել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ

-«Գոյ» թատրոնի կառավարման խորհուրդն ու դերասանական անձնակազմը Նիկոլ Փաշինյանին են դիմել՝ «Գոյը» որպես մասնավոր թատրոն պահելու առաջարկով։ Այս համատեքստում նաև ստորագրահավաք է արվել մշակութային գործիչների կողմից, ստորագրել եք նաև Դուք։ Դուք ևս դե՞մ եք «Գոյը» Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնին միավորելու ծրագրին։

-Ես չեմ իմացել, թե այդ ինչ թղթի տակ եմ ստորագրում։ Զանգեր էի ստանում մի երիտասարդից՝ հանդիպման խնդրանքով։ Առիթը եղավ, և Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, համերգից հետո, երբ իմ շուրջը լեցուն մարդիկ կային, ինձ մոտեցավ դերասան Սամվել Թոփալյանը, ասաց՝ «Գոյ» թատրոնի դերասան է։ Ուրախ ու լուսավոր գծերով ներկայացրեց իր խնդրանքը։ Ես տեսա, որ առանձնապես պահանջածը բան չէ։ Ներկայացրեց մի քանի էջանոց հագեցած գրություն, որը ես չուզեցի կարդալ։ Վստահելով երիտասարդին՝ ստորագրեցի։ Հետո պարզվեց, որ այդ ամենի մեջ բազմաթիվ իրավական, կազմակերպչական և այլ հարցեր ու խնդիրներ կան, որոնցից ոչ միայն տեղյակ չեմ եղել, այլ չեմ էլ հասկանում։ Անկեղծ ասած՝ չեմ էլ ուզում խառնվել այդ ամենին։ Խնդրանքս է՝ պահի ազդեցության տակ արված ստորագրությունս չշահարկել, կամ համարել հետ կանչված։ 

-Ի՞նչ է ասել Սամվել Թոփալյանը, երբ խնդրել է, որ ստորագրեք այդ թղթի տակ։

-Ասել է՝ «Գոյ» թատրոնի հարցն է, և խնդրում են, որ թատրոնը գործի և փող տվողը փոխվի։

-Բայց իսկապես «Գոյ» թատրոնի հարցն է՝ իշխանություններն օպտիմալացման համատեքստում թատրոնների միավորման, փակման որոշում են կայացրել, «Գոյ» թատրոնի դերասանները, մեծ թվով մտավորականներ դեմ են, որ այդ ճակատագրին արժանանա այս թատրոնը։ Ինչու եք հրաժարվում Ձեր ստորագրությունից։

-Ես ոչ հասկանում եմ, ոչ էլ գիտեմ, թե օպտիմալացման նպատակը որն է, ով է այդ գործը անողը։ Վերջերս ես առհասարակ ձայն չեմ հանում, որովհետև դրանից լավ բան դուրս չի գալիս։ Անմիջապես այս կամ այն կողմում հայտնվում եմ մարդիկ, որոնց հետ ես չեմ ուզի առնչություն ունենալ։ Այսպիսով ստացվում է, որ ես հայտնվում եմ հարձակումների, մեղադրանքների տակ։ Ես 85 տարեկան եմ, և առհասարակ ոչ մի բանի մեջտեղում չկամ։ Իմ հեռուստացույցը ինչ որ ինձ ասում է, ես լսում ու այդքանով էլ բավարարվում եմ։

-Իսկ ո՞ր հեռուստաալիքն եք լսում, ո՞ր քաղաքական գործչին։

-Ալիքներ չեմ նայում, բայց համակրում եմ Հովսեփ Խուրշուդյանին։

-Մաեստրո, ասացիք, որ չեք լսել, չգիտեք, թե ինչ են ուզում անել օպտիմալացման անվան տակ, մի՞թե Կոնսերվատորիայի շուրջ ընթացող զարգացումներից էլ տեղյակ չեք։

-Տեղյակ եմ, բայց չեմ մասնակցել դրան, և այդպիսով որոշ մարդկանց նեղացրել եմ։ Ես խուսափում եմ ստորագրությունս որևէ բանի տակ դնել, որովհետև դրա պատասխանը շատ արագ ստանում եմ որևէ կողմից։ 

-Այսինքն՝ խուսափում եք քննադատվելու՞ց, ումի՞ց եք ստանում պատասխանը, ո՞վ է Ձեզ քննադատում։

-Ոչ միայն քննադատում են, այլև հայհոյում են, վարկաբեկում, ինչ ասես ասում են։ Ես հասկացել եմ, որ չպետք է խառնվեմ։

-Միգուցե հենց այդ պատճառով են Ձեզ քննադատում, որ չեք խառնվում, չեք արտահայտվում։ Մարդիկ ասում են՝ երկիրը օրհասական վիճակում է, պետություն ենք կորցնում, տարածքներ ենք կորցնում, մշակույթ ու արվեստ ենք կորցնում, փակվում են մշակութային կենտրոններ, իսկ մեր մեծերը, հեղինակություն ունեցող մարդիկ՝ ի դեմս մաեստրո Տիգրան Մանսուրյանի, լուռ է, բոլոր իշխանությունների հետ լավ լինելու գիծն է բռնել։

-Բալիկս, ես չգիտեմ, թե իմ մի զանգը, քննադատությունը ով ինչպես է օգտագործելու իր շահի համար։ 

-Կարծում եք՝ քաղաքական նպատակներո՞վ են օգտագործելու հայրենիքի մասին Ձեր մտահոգությունները։

-Գզվռտոց է հիմնականում, մանր հարցեր։ Ես չէի ուզի խոսել այս ամենի մասին։ Ես որևէ բողոք չունեմ, միայն խնդրանքս՝ այդ ստորագրության վերաբերյալ է։ Ես միայնակ մարդ եմ, ոչ կին ունեմ կողքիս, որևէ մեկը չկա։ Իմ կենցաղում մի կերպ եմ գլուխ հանում։ Ես մյուսների հետ խառնվեմ որ ի՞նչ լինի, 85 տարեկան՝ հազիվ քայլող մարդ։ Մանսուրյանին նորից քաշում ես քաղաքական հարցերի մեջ, վախենում եմ։ 

-Դուք մեծ հարգանք ու սեր եք վայելում, Ձեր խոսքը կարևոր է, դրա համար են մարդիկ Ձեզնից նեղանում, որ լուռ եք, չեք խոսում։ և ակամայից մասնակցում եք իշխանությունների վարած քաղաքականությանը։

-Ահավասիկ խոսել եմ, և արդյո՞ւնքը։ Ես երբեք տեսախցիկի առջև չեմ հայտնվի, դրանից իմ կյանքը չի հեշտանա, միայն կբարդանա։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ