06 12 2023

Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծանր է

Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծանր է

Երևանում երեկ գրեթե նույն պահին մահվան ելքով երկու վրաերթ է գրանցվել։ Դրանց հետևանքով զոհվել են երկու կանայք, մեկ կին ու մեկ երեխա գտնվում են հիվանդանոցում։  ՔԿ-ից հայտնում են՝ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Կոմիտեից մանրամասնում են՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, գրեթե միաժամանակ, մահվան ելքով երկու վրաերթ է տեղի ունեցել Երևան քաղաքում։

Մաշտոցի պողոտայի 20/4 հասցեի դիմացի հատվածում  Երևան քաղաքի 28-ամյա բնակչի կողմից վարած «Porshe» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներ` հարազատներ 38-ամյա և 59-ամյա  երկու կանանց և 4-ամյա մի երեխայի։

Վրաերթի հետևանքով 38-ամյա կինը տեղում մահացել է, իսկ  մյուս երկու անձինք տեղափոխվել են բժշկական կենտրոններ։

Դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, և կատարվում է նախաքննություն։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տարածքում առկա տեսանկարահանող սարքերի պարունակությունը:

Բուժհաստատություն տեղափոխված կնոջ և երեխայի վիճակը, նախնական տվյալներով գնահատվում է ծանր։



Գրեթե նույն պահին մեկ այլ վրաերթ է տեղի ունեցել Երևան քաղաքի Սաֆարյան փողոցի թիվ 2/3 հասցեի դիմացի հատվածում։ Կոտայքի մարզի  բնակչի կողմից վարած աղբահանության «Камаз» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 60 տարեկան հետիոտն կնոջ, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Այս դեպքի առառթիվ ևս ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն, պարզվում են հանգամանքները։

Քրեական վարույթներով երկու վրաերթերի հետևանքով մահացած երկու կանայք, ինչպես նաև առաջին դեպքով վնասվածքներ ստացած կինն ու երեխան ճանաչվել են տուժող։ Նշանակվել են դիակների դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։

Քննությամբ պարզվում են դեպքերի հանգամանքները՝ նաև երթևեկության մասնակիցների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ