01 10 2023

Արցախից տեղահանվածները հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100-հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

Արցախից տեղահանվածները հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100-հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100-հազարական դրամ ստանալու համար: Հոկտեմբերի 1-ից 6-ամսյա ժամկետով տրամադրվող աջակցության ծրագրերի ավարտից հետո, պետությունը այլ ծրագրեր կներկայացնի: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Հաշվառումը տեղի կունենա Երևանից դուրս` բոլոր մարզպետարաններում և խոշոր համայնքապետարաններում գործող միասնական սոցիալական ծառայությունների միջոցով։ Հոկտեմբերի 2-ին մենք կհրապարակենք կարգը, իսկ հոկտեմբերի 3-ից տեղահանվածները հնարավորություն կունենան դիմելու։ Անչափահասների դեպքում ծնողները կարող են նշել, թե ում բանկային հաշվին են ցանկանում, որպեսզի գումարը փոխանցվի»,- նշեց Խաչատրյանը։

Նա տեղեկացրեց` բոլոր այն անձանց համար, որոնք ունեն բանկային հաշիվներ կամ քարտեր, այս գործընթացը համամետաբար արագ կկատարվի, իսկ ովքեր դեռևս չունեն, նրանց համար տեխնիկապես այդ ամենը պատրաստելու համար մի քանի օր ժամանակ կպահանջվի:

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել էր, որ յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած ևս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Ծրագիրը մեկնարկելու է հոկտեմբերի 1-ից և գործելու՝ առնվազն 6 ամիս: Ծրագրի շահառու կլինեն բոլոր բռնի տեղահանվածները՝ անկախ տարիքից: Բացառություն կլինեն այն ընտանիքները, որոնք ՀՀ-ում ունեն բնակարան, ինչպես նաև խնամքի հատուկ կենտրոններում գտնվող անձինք, որոնք չեն կարող բնակարան վարձել:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդգծեց՝ չի նշանակում, որ 6 ամիս հետո աջակցության ծրագրեր չեն լինելու, այլ հակառակը՝ 6 ամիսների ընթացքում կնախատեսեն այնպիսի ծրագրեր, որոնք տեղահանվածներին կօգնեն ավելի երկարաժամկետ որոշումներ կայացնել:

«Օրինակ՝ տեղահանվածների 4 հոգուց բաղկացած ընտանիքը կունենա բնակության ծախսերը հոգալու համար 160 հազար դրամ, որը, մեր գնահատականով, բավարար է Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում բնակության խնդիրը լուծելու համար: 10 հազարական դրամն էլ կոմունալ ծախերը հոգալու համար է»,- պարզաբանեց Խաչատրյանը:

Փոխվարչապետն ընդգծեց՝ հաշվի է առնվել նաև, որ առաջիկայում եղանակը ցրտելու է: Նշված չափը, իրենց համոզմամբ, կբավարարի ավելացած ծախսերը հոգալու համար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ