18 09 2023

ՄԻՊ-ն ընդունել է լրագրող Անի Գևորգյանին

ՄԻՊ-ն ընդունել է լրագրող Անի Գևորգյանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր ընդունել է «NewDay.am» լրատվական կայքի լրագրող-խմբագիր Անի Գևորգյանին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։

«Հանդիպումը տեղի է ունեցել Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ: Լրագրողը Պաշտպանին է ներկայացրել իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը, հայտնել, որ դրանք դրսևորվում են բռնության կիրառմամբ, բռնության կոչերի և ատելության խոսքի գործադրմամբ։

Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ նշված բոլոր դեպքերն աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվում են, գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո: Յուրաքանչյուր դեպքով Պաշտպանը դիմել է իրավասու մարմիններին՝ անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու պահանջով։
Հանդիպման ժամանակ Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կարևորում է պետության կողմից բնականոն և անխոչընդոտ լրատվական գործունեության ապահովումը: Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամ դրանով պայմանավորված՝ լրագրողների թիրախավորման դեպքերն անթույլատրելի են, իսկ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին:

Պաշտպանը կարևորում է մամուլի ազատության երաշխավորման ուղղությամբ այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք կապահովեն լրագրողների անվտանգությունն ու բնականոն լրատվական գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորումն ու պահպանումը»,- ասվում է հաղորդագրությունում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ