28 08 2023

Ադրբեջանը խախտել է հրադադարը՝ կրակելով բերքահավաք իրականացնող արցախցիների ուղղությամբ

Ադրբեջանը խախտել է հրադադարը՝ կրակելով բերքահավաք իրականացնող արցախցիների ուղղությամբ

Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում 2023 թվականի օգոստոսի 21-ից 28-ն ընկած ժամանակահատվածում  հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 164 հաղորդում, որից 156-ը հանցագործությունների մասին է: 

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից` հավելելով, որ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 152-ն արդեն բացահայտվել և քննության փուլում են:

Շաբաթվա ընթացքում բացահայտվել է կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից 2-ը,  յուրացում կամ վատնում, ինչպես նաև սպանության փորձ բնութագրմամբ մեկական դեպքերը: Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։ ՆԳ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում անբացահայտ մնացած մյուս հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։

Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման 2 դեպք: 

Ադրբեջանական կողմն անցած շաբաթվա ընթացքում 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել և կրակել բացել Ասկերանի և Մարտունու շրջանների հացահատիկի դաշտերում բերքահավաք իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Կրակոցներից ոչ ոք չի տուժել: Հաղորդագրությունները փոխանցվել են ՌԴ խաղաղապահ զորակազմին: 

ՆԳ նախարարության բոլոր ծառայությունները Արցախի Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք: Արցախի պաշարման պատճառով ծառայությունն իրականացվում է արտակարգ ռեժիմով: Ոստիկանության և ԱԻՊԾ ծառայողները վերահսկում են հանրապետության օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ