16 08 2023

Ադրբեջանական իշխանությունը Հայաստանի հետ կապված խորացրել է թշնամանքի նոր ուղղություն․ Թաթոյան

Ադրբեջանական իշխանությունը Հայաստանի հետ կապված խորացրել է թշնամանքի նոր ուղղություն․ Թաթոյան

Ադրբեջանական իշխանությունը Հայաստանի հետ կապված խորացրել է թշնամանքի նոր ուղղություն՝ հատկապես 2022թ.-ից սկսած:Այս մասին հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից։

«Տարվում է ատելության վրա հիմնված ֆաշիստական կազմակերպված պետական քաղաքականություն՝ Հայաստանի ամբողջ տարածքն ադրբեջանական ներկայացնելու համար:

Այդ նպատակով պետական ուղղորդմամբ ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգը, որի շրջանակներում ակտիվ աշխատանքներ են տարվում թե´ ներքին, թե´ արտաքին լսարանի համար:
Այս նպատակին ծառայեցված են ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցները՝ սեփական կայքէջերում բացելով առանձին սյունակ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով։

Լրատվամիջոցներից շատերն ակտիվորեն տարածում են այս քարոզչական թեզին նվիրված վերլուծություններ, հարցազրույցներ ու ֆիլմեր, իսկ Baku TV պետական գործակալությունը սկսել է նոր վիդեոշարք՝ «Արևմտյան Ադրբեջանի խրոնիկա» և ամենօրյա տեսանյութերով ու վերլուծություններով ակտիվ է պահում թեման հատկապես ներքին լսարանի համար։

Այս թեմայի շրջանակներում տարածվող նյութերը համեմված են Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված մեղադրանքներով, հակագիտական փաստարկներով և ակնհայտ սպառնալիքներով: Ֆիլմերում ներգրավվում են բնակիչներ Ադրբեջանի տարբեր բնակավայրերից: Ընտրված նման մեթոդաբանությամբ այդ երկրի իշխանությունն ավելի է բորբոքում ադրբեջանական հասարակությունում թշնամանքը հայերի նկատմամբ:

Այս պահին մենք իրականացնում ենք ապացույցների ամրագրում` լրացուցիչ հիմնավորելու համար ադբեջանական կառավարության իրական թշնամական մտադրությունները և խաղաղասիրության կեղծիքները»,- ասվում է հաղորդագրությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ