14 07 2023

Ի՞նչ կապ ունի հաղթողների հետ՝ պարտություն ու ավեր բերող Փաշինյանը․ վերլուծական

Ի՞նչ կապ ունի հաղթողների հետ՝ պարտություն ու ավեր բերող Փաշինյանը․ վերլուծական

7or.am-ը գրում է․

Լեգենդար Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիայի բացման պաշտոնական արարողությանը Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական մասնակցությունը հանրությանն աննկատ չմնաց: Ասենք, չէր էլ կարող աննկատ մնալ, առավել ևս, որ այդ իրադարձությանը Փաշինյանի մասնակցության միակ իմաստը հենց դա էր՝ նկատվելը: Այն էլ՝ լեգենդար, տիտղոսակիր, աշխարհահռչակ մարզիկների ֆոնին նկատվելն ու նկարվելը, բնականաբար:

«Արարատի» նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանը բավականին դիպուկ ու հստակ էր արձագանքել՝ դիմելով անվանի մարզիկներին՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի բազմակի չեմպիոն ու պարզապես հայկական ըմբշամարտի փայլուն ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանին, սիրված ու հարգված բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանին, դիտողություն-հորդորով. «Տղե՛րք, մի՛ սեղմել այդ ստախոսի (դավաճանի) ձեռքը...»:

Դե, արդեն սեղմել են: Հովհաննես Պողոսյանը, ի դեպ, բավականին դիպուկ է նկատել նաև նման ձեռքսեղմումներով Նիկոլ Փաշինյանի հետապնդած նպատակներից մեկը՝ հաղթող ու անվանի մարզիկների հետ շփման պատկերով «լեգիտիմացնել իր բերած ավերն ու արյունը»:

Թե ինչո՞ւ են հնարավոր բոլոր տիտղոսները նվաճած, համառ պայքարում հաղթանակների հասած, այդ հաղթանակները հայրենիքի պաշտպաններին, երկրի պաշտպանության համար զոհվածներին նվիրած, Հայոց Եռագույնը բարձրացրած ու մեր օրհներգը հնչեցրած մարզիկները գնացել նման միջոցառման, դժվար է ասել: Դա, մեծ հաշվով, յուրաքանչյուր անհատի որոշելիքն է: Մենք էլ մեր մարզիկների, մեզ ուրախություն ու հաղթանակի բերկրանք պարգևած մեր սիրելի մարզիկների դատավորը չենք:

Թեպետ, թույլ տանք մեզ նկատել, որ չնայած մենք շատ ունենք ուժային մարզաձևերում չեմպիոնական բարձունքը նվաճած մարզիկներ, բայց նրանց հանդեպ ողջ հարգանքով հանդերձ, ամեանաուժեղ մարզիկը մեր շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանն է: Անցյալ տարի, երբ շախմատի տղամարդկանց հավաքականը հերթական նվաճումն ունեցավ, Նիկոլ Փաշինյանը ցանկացավ նրանց ֆոնին լեգիտիմացվել և հրավիրեց պարգևատրման, Գաբրիել Սարգսյանը պարզապես չգնաց այդ արարողության մասնակցելու: Դա համարձակ և ուժեղ քայլ էր: Համարձակ, քանի որ հանրահայտ է, թե ինչ կարգի մանրախնդիր, քինախնդիր երևույթ են Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը:

Ամեն պարագայում, Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, հատուկ նպատակով էր գնացել Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիայի բացմանը: Բնականաբար, նա նախապես տեղեկացված է եղել, թե լեգենդար Խորեն Հովհաննիսյանից բացի էլ ովքեր են լինելու այնտեղ, անվանի որ մարզիկները:

Մարդիկ, որ տեսակով հաղթող են, չհանձնվող, պայքարող: Իսկ ի՞նչ կապ ունի նրանց հետ պարտվող, պարտություն ու ավեր, աղետ ու կործանում բերած ու բերող Նիկոլ Փաշինյանը: Պարտվածն ո՞ւր, աշխարհի ու Եվրոպայի բազմակի, Օլիմպիադայի չեմպիոնը՝ ուր։

Կարծում ենք, որ հաղթանակած մարզիկների ֆոնին հայտնվելով՝ Նիկոլ Փաշինյանը միայն իրեն այսպես ասած՝ լեգիտիմացվելու խնդիր չէ, որ ցանկանում է լուծել: Այստեղ այլ, ավելի խորքային հանգամանքներ կան: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, բացի այն, որ խորապես ատում է այն ամենը՝ ինչ հայկական է, տանել չի կարողանում հայերիս, Հայաստանն ու սրտխառնուքի նոպա է ունենում Արարատ սարի տեսքից անգամ, ահա այս ամենից բացի, Նիկոլ Փաշինյանը նաև ատում է հաղթողներին, Հայաստանի պատիվը բարձր պահողներին և ամեն կերպ փորձում պարտության ցեղաբծեր ցայտեցնել անխտիր բոլորի, առաջին հերթին՝ մեծ հաղթանակներ ունեցածների վրա: Նաև այդ պատճառով է այժմ կալանավորված քաղբանտարկյալ գեներալ Գրիգորի Խաչատուրովը, նաև այդ պատճառով «տուշանկա գողացողի» պիտակով վարկաբեկվեց ու տանջամահ արվեց գեներալ Մանվել Գրիգորյանը…

Իսկ հիմա Փաշինյանը որոշել է մարզիկների վրա իր պարտության ցեխաբծերը ցայտեցնել:

 

 

                                                              

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ