13 07 2023

Եղբայրներով ծեծել են ոստիկանության փոխգնդապետին

Եղբայրներով ծեծել են ոստիկանության փոխգնդապետին

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու ՆԳՆ ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու, խուլիգանության, ապօրինի կերպով գազային զենք և ռազմամթերք կրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

«Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. հունիսի 17-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանի տարածքում Ջերմուկ քաղաքի 31-ամյա բնակիչ Գ․Խաչատրյանը, բջջային հեռախոսով տեսանկարահանելով, մոտեցել է ՆԳՆ ոստիկանության Ջերմուկի բաժնի բարձրաստիճան պաշտոնատար անձին՝ կատարելով դեմքի ծամածռություններ, ձեռքով ցուցադրելով անպարկեշտ ժեստեր։ Ոստիկանության պաշտոնատար անձը վերջինիս հորդորել է իրեն չտեսանկարահանել։ Սակայն նշված քաղաքացին շարունակել է իր գործողությունները, ինչից հետո նրանց միջև սկսվել է քաշքշուկ, որի ժամանակ քաղաքացին հայհոյել է ոստիկանին, ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։ Քաշքշուկի ընթացքում ՆԳՆ ոստիկանության ծառայողը նկատել է, որ քաղաքացու մոտ ատրճանակ կա, որն ընկել է գետնին։

Այդ ընթացքում գազալցակայանի տարածքից, մետաղյա ձողը ձեռքին, հայհոյանքներ հնչեցնելով, մոտեցել է վերոհիշյալ քաղաքացու 35-ամյա եղբայրը՝ Ս․Խաչատրյանը, ով իր հերթին ձեռքին եղած ձողով, ինչպես նաև ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել ոստիկանության պետի մեջքի և ծոծրակի հատվածներին՝ միաժամանակ բղավերով, որ ոստիկանության ծառայողը «քրեական գործեր է սարքել իրենց գլխին»։ Միայն գազալցակայանի և քաղաքացիների միջամտությամբ է միջադեպը դադարել, իսկ եղբայրները դեպքի վայրից դիմել են փախուստի։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, որը միացվել է նշված անձանց առնչվող այլ քրեական վարույթի, որով վերջիններս ունեն մեղադրյալի դատավարական կարգավիճակ։
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ խուզարկություններ, որոնց ժամանակ Ս․Խաչատրյանի ավտոմեքենայից հայտնաբերվել է 7,62մմ տրամաչափի 76 հատ փամփուշտ, դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել է վերը նշված ատրճանակը, մետաղյա ձողը, որով հարվածներ են հասցվել Ոստիկանության ծառայողին։
Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Փորձագետի եզրակացության համաձայն՝ դեպքի վայրում հայտնաբերված և Գ․Խաչատրյանին պատկանող ատրճանակը հանդիսանում է գազային զենք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում եղբայրները հայտնաբերվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։
Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Եղբայրներից մեկին՝ Ս․Խաչատրյանին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 297-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ինչպես նաև՝ 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մյուսին՝ Գ.Խաչատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 297-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ինչպես նաև՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ