22 06 2023

Վերին Լարսի անցակետում շահագործման են հանձնվել 15 նոր ուղիներ

Վերին Լարսի անցակետում շահագործման են հանձնվել 15 նոր ուղիներ

Վերին Լարսում հունիսի 15-ին շահագործման են հանձնվել 15 նոր ուղիները։ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ դրա  արդյունքում, այս պահի դրությամբ, գործում են 39 ուղիներ, որոնցից 12-ը՝ բեռնատարների համար (6 մուտք և 6 ելք), 24-ը՝ թեթև մարդատար տրանսպորտի համար (12 մուտք և 12 ելք), 2-ը՝ ուղևորատար ավտոբուսների համար և 1 ուղի՝ գերծավալային բեռների համար։

Նոր ուղիների գործարկման արդյունքում անցակետի թողունակությունն արդեն իսկ աճել է 30%-ով և օրական միջինում արդեն ձևակերպում է ստանում մոտ 1300 բեռնատար, ինչը բերել է անցակետի 2 կողմերում հերթերի վերացմանը։

Կոմիտեից նաև հայտնում են, որ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Վլադիկավկազ՝ Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի  թողունակության բարձրացման հարցերը քննարկելու նպատակով։ Այցի շրջանակում նաՎերին Լարսի անցակետում հանդիպում է ունեցել Ռուսաստանի  դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի հետ:

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Վերին Լարսի կայուն թողունակության ապահովման նպատակով համապատասխան պաշտոնատար անձանց օպերատիվ փոխգործակցության կանոնակարգի առնչությամբ։ Մասնավորապես, սկսվել է բեռների ռենտգեն սկանավորման արդյունքների փոխանակման գործընթացը, ինչը թույլ է տալիս հայկական կողմում իրականացված ռենտգեն սկանավորման արդյունքներն օգտագործել ռուսական կողմում իրականացվող հսկողության ընթացքում, որը կարող է հանգեցնել բեռների ավելի արագ ձևակերպմանը։

ՊԵԿ-ից հիշեցնում են, որ ավելի վաղ՝ հունիսի 7-ին, տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը, որի ընթացքում կողմերի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Վերին Լարս բազմակողմ ավտոմոբիլային անցակետում գոյություն ունեցող խնդիրներին համատեղ ջանքերով օպերատիվ լուծումներ  տալու առնչությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ