20  06  2018

ԱԺ-ն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումների մասին օրենքը

ԱԺ-ն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումների մասին օրենքը

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 20-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրինագիծն ընդունվեց 76 կողմ, 2 դեմ և 5 ձեռնպահ ձայներով:

Քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք միշտ դեմ են արտահայտվել կուտակային պարտադիր բաղադրիչի ներդրմանը. «Հիմա էլ մեր սկզբունքային դիրքորոշումը չենք փոխել, բայց նոր նախագիծը որոշակիորեն մեղմում է ֆինանսական բեռը այն անձանց համար, որոնք վճարահանում են անում կուտակային ֆոնդին: Քննարկելով մեր գործընկերների հետ կքվեարկենք նախագծին կողմ՝ պայմանով, որ կուտակային պարտադիր բաղադրիչը ընդհանրապես հանելու համար»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ ՀՅԴ-ն օրինագծին ձեռնպահ է քվեարկելու. «Այս օրինագիծը նախկինի հետ համեմատած բարելավում է նախատեսում, բայց չի լուծում կարեւորագույն հարցը՝ պարտադիր բաղադրիչի վերացման հարցը, որի դեմ մենք պայքարել ենք տարիներ»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ թեև ժամանակին դեմ են եղել, բայց հիմա իրավիճակն այնպիսին է, որ կողմ են քվեարկելու և քննարկումները այս հարցում դեռ շարունակվելու են:

Նշենք, որ գործող կարգավորմամբ, անձը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը։ Նոր նախագծով առաջարկվող տարբերակով 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը։

Հիշեցնենք, որ օրենքի շրջանակներում կառավարության վերջին նիստերից մեկում վիճաբանություն եղավ վարչապետի և նախարար Արծվիկ Մինասյանի միջև: Արդյունքում հրաժարականի դիմում գրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

ՀՅԴ-ն հանդես է եկել ընդարձակ վերլուծությամբ, ինչպես նաև խոստանում է թեմայի վերաբերյալ խորհրդաժողով կազմակերպել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ