17 02 2022

Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը ես դեմ չեմ եղել, բայց այն ժամանակ մենք հաղթած կողմ էինք․ Ռոբերտ Քոչարյան



Երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը դեմ չեմ եղել։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին՝ այս պահին կողմ չե՞ք Թուրքիայի հետ սահմանի բացմանը։

«Ինձ համար այն ժամանակ ավելի հեշտ էր, մենք հաղթած կողմ էինք, մեր անվտանգությունը Ղարաբաղում ապահովված էր և մենք որպես հաղթած կողմ  ասում էինք՝ հենց հիմա սահմանը բացեք։ Իմ բանաձևը հետևյալն էր, որ մենք սահմանը չենք էլ փակել, սահմանը փակ է մյուս կողմից, հենց իրենք բացեն, սահմանը կսկսի աշխատել։ Բայց նաև միշտ մտածում էի, որ այդ սահմանն ինչ-որ տեղ մեր շուկան պաշտպանող գործոն էր հանդիսանում այն ժամանակ, երբ նոր-նոր մեզ մոտ ձևավորվում էր վերամշակվող արտադրությունը։Այդ ժամանակ այդ փակ սահմանն ինչ-որ տեղ մեզ օգնեց, որովհետև մեզ հնարավարություն տվեց մի շարք ոլորտներում բավականին լուրջ հաջողություններ գրանցել։ Եթե իրենք ասեին, որ այո՛, բացում ենք սահմանը, ուրեմն մենք շատ արագ կկիրառեինք բավականին լուրջ մեխանիզմներ մեր շուկան պաշտպանելու համար՝ որոշակի սհամանափակումներով և հիմա է պետք դա անել։ Ուղղակի այն ժամանակ մեր դիրքերն ուրիշ էին, մենք այն ժամանակ օրակարգ թելադրող էինք և որևէ Թուրքիայի նախագահ, կամ Ադրբեջանի նախագահ չէր կարող մեզ մի բան ասել, և մենք լռեինք մեկ պատճառով, որ պատասխանենք, վաղը մյուս օր մի քանի պոստ էլ վերցնեն, ինչ ենք անելու։ Այսօր կոպիտ ասած՝ մի տեղից բռնած են իրենք և կարող է պոկեն․ սա է վիճակը, մենք պետք է ազնիվ լինենք։

Դեմ չեմ, պետք է բացել, բայց պետք է մեր գյուղացուն պաշտպանել։ Չպաշտպանես, ուղղակի ավիրելու ես այն, ինչ այսօր կա, ջերմոցային տնտեսություններն աղետի են ենթարկվելու, մշակաբույսերը, հասկանո՞ւմ է դա մեր գյուղացին, թե՞՝ ոչ, չգիտեմ։ 97-98 թվականներին հավկիթի 98 տոկոսը Հայաստան ներմուծվում էր, այն ժամանակ մի քանի նախկին արտադրողներին հավաքել եմ մի խորհրդակցության և ասել, որ մեկ տարում մենք այս թեման պետք է փակենք, ի՞նչ պետք է անենք, իմ առջև խնդիրներ են դրվել, որոնցից մեկը սահամնափակել Թուրքիայից ներմուծումը Հայաստան։ Մեկ տարում մեր շուկայի 90 տոկոսն արտադրվում էր Հայաստանում, 2-րդ տարում մենք սկսեցինք արտահանել Վրաստան։ Հիմա այս իշխանությունն այդ համարձակությունն ո՞ւնի․ չեմ կարծում։

Այդ սահմանի բացումից իրենք շատ ավելի են շահելու, քան մենք, ես այստեղ որևէ կասկած չունեմ։ Սա նշանակում է, որ սահմանը բացելու համար մենք չպետք է խնդրողի դերում հանդիսանանք, մենք պետք է ասենք հետևյալը, որ սա բնական է, որ պետք է երկու երկրների սահմանը բաց լինի, անբնականն այն է, որ Թուրքիայի բայրաքթարներով մեկ տարի առաջ սպանում էին մեր զինվորներին, և ես համոզված եմ, որ այդ բայրաքթարի օպերատորը ադրբեջանցի չէր, թուրքերն էին։ Ուրմեն այստեղ մենք նաև այս գործոնը պետք է մեջտեղ բերենք»։ 

Ինչ վերաբերում է հարցին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ասում է, որ մեր տարածաշրջանում միություններն առհասարակ փրկություն են և կարծում է, որ Հայաստանն էլ գնալու տեղ չունի ու միանալու է միությանը, երբ կանգնենք այդ ընտրության առջև, ո՞րը կլինի ճիշտ որոշումը՝ միանա՞լ միութենական պետությանը, թե՞ ոչ հարցին, Երկրորդ նախագահը պատասխանեց․ «Մենք պետք է հաշվարկենք, ոչ թե պետք է ասենք, որ մտնում ենք  այս միության մեջ, այլ պետք հասկանանք՝ մեր մտնելն ի՞նչ է նշանակելու մեզ համար, մտնելուց հետո հինգ, ապա տասը տարվա կտրվածքով մենք ո՞ւր ենք հասնելու, ի՞նչ ենք ստանալու։ Եթե այդ հարցերի պատասխանները չլինի, ուղղակի ասենք՝ մտնում ենք, ինձ համար այսպիսի մուտքը, այդպիսի քայլը պետության կողմից կլինի անհասկանալի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ