18 08 2021

Արդյո՞ք Ադրբեջանի առաջ քաշած օրակարգը Հայաստանում հավանության է արժանացել․ Աբրահամյան

Արդյո՞ք  Ադրբեջանի առաջ քաշած օրակարգը Հայաստանում հավանության է արժանացել․ Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

ՌԴ կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը:

«Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած նիստում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները: Քննարկել են նաև ՀՀ վարչապետի, ԱՀ նախագահի և ՌԴ նախագահի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը»,- նշված է հաղորդագրությունում։

Եթե չեմ սխալվում, վերջին անգամ նման ձևաչափով հանդիպում տեղի էր ունեցել ապրիլին, իսկ մայիսի 12-ի՝ Սյունիք և Գեղարքունիք ադրբեջանական ներխուժումից հետո, հանդիպումների շարքը կասեցվել էր։

Եվ ուրեմն ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական օկուպացիայի և վերջին օրերին սահմանագծի տարբեր հատվածներում մահվան ելքով սադրանքների ֆոնին, ռեգիոնալ ապաշրջափակման շուրջ բանակցությունների վերսկսումը։

Արդյո՞ք սա ենթադրում է, որ Ադրբեջանի առաջ քաշած օրակարգը Հայաստանում հավանության է արժանացել և իշխանությունները հանդուրժելով Ադրբեջանի՝ ՀՀ սուվերեն տարածքում գտնվելու փաստը, առաջնորդվում են ադրբեջանական հավակնությունների տրամաբանության ներքո։

Կոմունիկացիաների բացման, սահմանների դեմարկացիայի և Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու դրա միջազգային ճանաչման հարցը պետք է լինեն մեկ ընդհանուր փաթեթում։

Արցախի հարցը դուրս թողնելով ընթացիկ բանակցային օրակարգից, հենց մեկնարկում այս իշխանությունն արձանագրում է, որ առաջ է շարժվում Ադրբեջանից պարտադրվող նախապայմաններով, որում բացառապես ներկայացված է Ադրբեջանի պետական շահը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ