09 12 2020

Փաստաթուղթը սպառնալիքի՞ տակ եք կնքել, թե՞ կամքի դրսևորում է. Տարոն Սիմոնյանը՝ Փաշինյանին

Փաստաթուղթը սպառնալիքի՞ տակ եք կնքել, թե՞ կամքի դրսևորում է. Տարոն Սիմոնյանը՝ Փաշինյանին

Այսօր՝ դեկտեմբերի 09-ին, Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին այն մասին, որ վերջինս  ստորագրել է մի փաստաթուղթ, որում մի քանի դրվագով խախտվել է միջազգային իրավունքը և ՀՀ Սահմանադրությունն․ «Այդ փաստաթուղթը մեր սահմանադրական կարգով ուժի մեջ չի մտել, քանի որ նման փաստաթղթերն անպայման վավերացման են ենթակա Ազգային ժողովում՝ ՍԴ դրական եզրակացության առկայության պարագայում, բայց դուք շարունակում եք գործադիր իշխանության միջոցով իրագործել այդ փաստաթուղթն, ի՞նչ հիմքով եք իրագործում այդ փաստաթուղթը»։

Սիմոնյանը հետաքրքրվեց՝ փաստաթուղթը սպառնալիքի՞ տակ  կնքվել, թե՞ կամքի դրսևորում է։

Ի պատասխան՝ Փաշինյանը նկատեց, որ փաստաթղթի ստորագրման հանգամանքներով պայմանավորված պարզաբանումներ տվել է և ավելացնելու նոր բան չկա: Նա, դիմելով պատգամավորին, նաև նկատեց.

«Ձեր խոսքում հակասություն կա, որովհետև մի կողմից ասում եք, որ իրավական փաստաթուղթ չէ, մյուս կոմից ասում եք, որ իրավական փաստաթուղթ է»:

Փաշինյանն ընդգծեց, որ մեծագույն խնդիրն այն է, որ բոլոր գործընթացներում ՀՀ ժողովուրդը որևէ կերպ չկորցնի Հայաստանում իշխանություն ձևավորվելու, ազատ կամարտահայտման իր իրավունքը:

«ՀՀ-ում որևէ այլ երկրի լրատվամիջոց չէ, որ որոշում է, թե ով է ՀՀ վարչապետը և չպետք է այդպես լինի: ՀՀ-ում ժողովուրդն է որոշում՝ ով է վարչապետը, պետք է շարունակի այդպես լինել», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ փաստաթուղթը հրադադարի ու ռազմական գործողությունների դադարեցման մասին փաստաթուղթ է, որը ստորագրվել է՝ հաշվի առնելով տվյալ պահի իրադրությունը: 

Սիմոնյանն այնուամենայնիվ նկատեց. «Դուք իմ հարցին չպատասխանեցիք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ