23 06 2020

Անընդունելի է «տապոռով» նման հարց լուծել. ՍԴ նախկին անդամ. News.am

Անընդունելի է «տապոռով» նման հարց լուծել. ՍԴ նախկին անդամ. News.am

Առանց հանրաքվեի, առանց Սահմանադրական դատարանի դիրքորոշման և նախագահի ստորագրության փոխելով Սահմանադրությունը՝ հեղինակազրկվում է մայր օրենքը, ոտնահարվում իրավունքի նկատմամբ հարգանքը։ Նման տեսակետ NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ սահմանադրական դատարանի նախկին փոխնախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վոլոդյա Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ԱԺ-ի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների  նախագիծը, համաձայն որի՝ կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չի լինի։

«Նման քայլերով երկրում խարխլվում է իրավամտածողությունը,  ոտնահարվում իրավունքի նկատմամբ հարգանքը, որը հետևանքներ է առաջացնելու։ Եթե ինչ–որ մեկը խախտում է իրավունքը, դա մեկ ուրիշի համար կարող է հիմք հանդիսանալ, որ մտածի, թե ինքն էլ կարող է նույնն անել։ Օրենքին, իրավունքին, Սահմանադրությանը պետք է վերաբերվել Աստվածաշնչի պես, այսինքն պետք է հավատաս դրան։ Իրական ժողովրդավարական պետությունն այն է, երբ մարդը գիտակցված հարգում է Սահմանադրությունը,  քանի որ հասկանում է, որ դա առաջին հերթին իր ընտանիքին է պետք, հետո նոր՝ պետությանը»,- ասել է ՍԴ նախկին դատավորը։ 

Վոլոդյան Հովհաննիսյանի խոսքով՝ պետության գլխավոր խնդիրը պետք է լինի մարդկանց մոտ Սահմանադրության նկատմամբ հարգանք սերմանելը, ոչ թե այն ոտնահարելը։

«Մարդը պետք է գիտակցի, որ հարգում է Սահմանադրությունը նրա համար, որ իր երեխաները իրավական երկրում ապրեն, որ վաղվա ապագան ապահով լինի, սակայն երբ տեսնում են, որ Սահմանադրության հիմնական երաշխավորներն ու պահապաններն են այն խախտում, մարդիկ  մտածում են՝ քանի կոպեկ արժե իր կողմից այն պահելը»,- ասել է նա։

Անդրադառնալով իշխանության այն պնդումներին, թե այս քայլով նպատակ ունեն ՍԴ-ն համալրել պրոֆեսիոնալ և անաչառ դատավորներով՝ Վոլոդյա Հովհաննիսյանն արձագանքեցլ է.

«Ես ճանաչում եմ բոլոր այն դատավորներին, որոնցից ցանկանում են ձերբազատվել. բոլորն էլ պարկեշտ, պրոֆեսիոնալ գիտակներ են, պետականության զգացողությամբ օժտված մարդիկ, և նրանք որևէ անգամ  քայլ չեն կատարի, որը կվնասի երկրին, պետությանը, հայրենիքին կամ իրավակարգին։ Ասում են՝ մեզ պետք են պրոֆեսիոնալ, անաչառ  դատավորներ, ովքե՞ր են նրանք, ցույց տվեք այդ պրոֆեսիոնալներին։ Այո, կան պրոֆեսիոնալներ, սակայն նրանք չեն գա ՍԴ»,- ասել է նա։

ՍԴ նախկին դատավորի համոզմամբ՝ առկա են բոլոր հիմքերը, որպեսզի ՍԴ դատավորները, սպառելով ներպետական միջոցները դիմեն ՄԻԵԴ։

 «Ներկայումս խախտվել է Հայաստանի Հանրապետության  միջազգային պայմանագրով նախատեսված պարտավորությունները  Եվրոպայի  խորհրդի առջև։ Ցանկացած քաղաքացի պարտավոր է նպաստել, որ պետության  պարտավորությունները բարեխիղճ կատարվեն, այսինքն ոչ թե դատի են տալիս պետությանը, այլ օգնում, որպեսզի պետությունն իր պարտավորությունները կատարի»,- ասել է պրոֆեսորը։

Վոլոդյա Հովհաննիսյանի խոսքով՝  Հայաստանի Հանրապետության հեղինակությունը Սահմանադրական արդարադատության առումով Եվրոպայում լավագույններից մեկն է և հետագայում երկար ժամանակ կպահանջվի՝ վերականգնելու մեր երկրի միջազգային հեղինակությունը։

Իրավաբանը փաստեցլ է, որ նախկինում միջազգային կոնֆերանսներում տարբեր պետությունների ներկայացուցիչներ հղում են կատարել Հայաստանի Սահմանադրական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումներին և դրական լույսի ներքո ներկայացրել Հայաստանի սահմանադրական արդարադատությունը։

Անդրադառնալով Ազգային ժողովի կողմից հապճեպ հրավիրված արտահերթ նիստում Սահմանադրության փոփոխությունների աղմկահարույց նախագիծն առանց ընդդիմության ներկայության, միաձայն ընդունելու հանգամանքին, Հովհաննիսյանը նկատել է, որ այս խմբակցությունը պատմության մեջ մնալու է, որպես որպես իրավունքն ու Սահմանադրությունը ոտնահարած ուժ։

«Մի՞թե այդ 89 պատգամավորների մեջ չկար մեկը, որը այլ դիրքորոշում և կարծիք ուներ, կամ ձևի համար ասեին` մի քանիսդ դեմ կամ ձեռնպահ քվեարկեք։ Էնպես չէ, որ նախկինները խախտումներ թույլ չեն տվել, սակայն մեկի սխալը մեկ ուրիշի կողմից կոպիտ սխալով ուղղելը ճիշտ չէ, կարելի էր այլ լուծումներ գտնել, սակայն անընդունելի է  այդպիսի «տապոռով լուծել հարցը»»,- ընդգծել է Հովհաննիսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ