20 04 2020

Նիկոլը ծաղրում է արդարադատությանը․ «Գոլոս Արմենիի»

Նիկոլը ծաղրում է արդարադատությանը․ «Գոլոս Արմենիի»

«Գոլոս Արմենիի»-ն գրում է․ «Ապրիլի 17-ին դատավոր Աննա Դանիբեկյանը սպառեց քթի պլաստիկ վիրահատության պատճառով իր անաշխատունակության սահմանաչափը, ներկայացավ աշխատանքի և անմիջապես ձևակերպեց 20-օրյա արձակուրդ, չնայած այն բանին, որ նախկին չորս վարչապետների ներկայացրած միջնորդությունների քննարկումը պահանջում է դատական նիստի անհապաղ անցկացում: Միջնորդությունները ներկայացվելու էին մեկ ամիս առաջ, իսկ հաջորդ դատական նիստը նշանակված Է մայիսի 8-ին։

ՕՐՆ ԸՆՏՐՎԱԾ Է ՈՉ ԱՅԼ ԿԵՐՊ, ՔԱՆ ՀԵՆՑ ԻՐ՝ ՆԻԿՈԼԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ։ Ինչպես ցույց տվեց հեռախոսազրույցների ձայնագրության սկանդալային հրապարակումը, վարչապետն անձամբ է վերահսկում Ռոբերտ Քոչարյանի հետ կապված բոլոր գործողությունները։ Մայիսի 8-ն ընտրվել է բնավ ոչ պատահական, այլ ևս մեկ անգամ ընդգծելու համար, որ Նիկոլն ըմբոշխնում է սեփական անպատժելիությունը և ծաղրում արդարադատությանը՝ աննկարագրելի հաճույք ստանալով գործընթացից..

Խնդիրը միայն այն չէ, որ մայիսի 8-ն այն օրն է, որը նախորդել է Շուշիի ազատագրմանը (1992թ. մայիսի 9-ի առավոտյան ժամը 6-ին հայկական ստորաբաժանումները մտան քաղաք) և անքակտելիորեն կապված է երկրորդ նախագահի անվան հետ, այլ նաև այն օրն է, երբ Փաշինյանը դարձավ Հայաստանի 16-րդ վարչապետը։ 2018թ. մայիսի 8-ին նա այդ պաշտոնում ընտրվեց նախորդ գումարման խորհրդարանի կողմից՝ ՀՀԿ խմբակցության որոշ անդամների մասնակցությամբ։

Չի բացառվում, որ մայիսի 8-ի դատական նիստը չկայանա. դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը Նիկոլի թելադրանքով ևս մեկ առիթ կգտնի հետաձգման համար. Դանիբեկյանը կրկին կպառկի վիրաբույժի դանակի տակ կամ կերկարաձգի արձակուրդն ընտանեկան հանգամանքների բերումով, ծայրահեղ դեպքում կթռչի Լուսին, միայն թե չքննի նախկին վարչապետների միջնորդությունները։ Դատարանի նախագահն առաջվա պես կանտեսի երկրորդ նախագահի փաստաբանների պահանջները՝ գործն էլեկտրոնային ընտրությամբ մեկ այլ դատավորի հանձնելու վերաբերյալ, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը կձևացնի, թե առանձնակի ոչ մի բան տեղի չի ունենում: Փաստաբանների պահանջը հիմնված է միջնորդությունների անհապաղ քննության մասին Բարձրագույն դատական խորհրդի 2018թ. համապատասխան որոշման վրա։ Մկրտչյանին ուղղված նամակում Հայկ Ալումյանն ամբողջությամբ մեջբերել է այդ որոշումը, սակայն Մկրտչյանը շարունակում է պնդել, թե վարչապետների միջնորդությունները կարող է քննել միայն դատավոր Դանիբեկյանը: Այստեղից հարց. ո՞ւր է նայում դատախազությունը։

«33 օր տևեց դատավոր Դանիբեկյանի անաշխատունակությունը բժշկական փաստաթղթի հիման վրա։ 33 օր անց բժիշկը որոշել է, որ նա աշխատունակ է։ Նա եկել է աշխատանքի, ես տեղեկություն ունեմ, որ նույնիսկ դատական նիստերի դահլիճ է մուտք գործել, կարողացել է նույնիսկ հերթական դատական նիստի օր նշանակել մեր գործով, բայց մեր միջնորդության քննություն չի կատարում, հիմա էլ չպլանավորված արձակուրդի է մեկնում, թեև արդեն եղել է արձակուրդի մեջ դեկտեմբերի 10-ից», - մեկնաբանելով իրավիճակը՝ հայտարարեց երկրորդ նախագահի փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նրա խոսքերով, ցանկացած դատավորի արձակուրդը ծրագրվում է նախապես։ Այս առնչությամբ տրված լրագրողական հարցին պաշտոնական անձը (Վարդևանյանը չնշեց, թե ով, բայց, ամենայն հավանականությամբ, խոսքը Մկրտչյանի մասին է) ապրիլի 17-ին պատասխանել է. «Իհարկե, այդպես էլ կա, և մենք հիմա էինք ծրագրել դատավոր Դանիբեկյանի արձակուրդը»:

«Մեզ հանդիմանում էին, թե ձգձգում ենք դատավարությունը, սակայն մարտի 16-ից նիստեր չեն անցկացվում, իսկ մեզ հանդիմանողներն այսօր չգիտես ինչու լռում են և այս առնչությամբ ոչինչ չեն ասում», - հիշեցրեց Վարդևանյանը: Նրա խոսքերով, դատարանի նախագահ Մկրտչյանը պարտավոր էր գործը փոխանցել այլ դատավորի։ Ալումյանը իր հերթին նշեց, որ պլաստիկ վիրահատությունները, որպես կանոն, ծրագրվում են վաղօրոք, և Դանիբեկյանի նույնպես նախապես գիտեր իր վիրահատության մասին, այսինքն նա հնարավորություն ուներ քննել նախկին վարչապետների միջնորդությունները՝ նախքան դանակի տակ պառկելը:

«Չկա ո՛չ իրավունք, ո՛չ էլ օրենք…»

«Իրավիճակն աննախադեպ է, այն վկայում է, որ չկա ո՛չ իրավունք, ո՛չ օրենք... դատավորը գալիս է աշխատանքի, բայց չի զբաղվում իր անմիջական գործով, չի քննում խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունները։ Նա արձակուրդ է վերցնում այն ժամանակ, երբ մյուս դատավորները կորոնավիրուսի տարածման պայմաններում, բժշկական դիմակներով, ամեն օր նիստեր են անցկացնում և արդարադատություն իրականացնում»,- հայտարարեց Վարդևանյանը։

ՆԻԿՈԼՆ ՈՒ ԻՐ ԹԱՅՖԱՆ ԲԱՑԱՀԱՅՏ ԾԱՂՐՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ՝ համարելով, թե համաճարակի պայմաններում եվրոպական բարձր ատյանները ուշադրություն չեն դարձնի այդ խախտումներին։ Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը տարիքային առումով պատկանում է ԱՀԿ-ի բնորոշմամբ ռիսկի խմբում գտնվող անձանց թվին։ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն դիմել է ԵԽ անդամ պետությունների ղեկավարությանը՝ կոչ անելով փոխել դատարանի որոշման սպասումով կալանքի տակ գտնվող անձանց խափանման միջոցը և ազատ արձակել նրանց, ովքեր պատիժ են կրում ոչ այնքան ծանր հոդվածներով: Այդ կերպ են արդեն վարվել Եվրոպայի բազմաթիվ երկրներ, ինչպես նաև խստակյաց Իրանը։

Հայաստանում բանը կարող է հասնել բանտային ընդվզումների, սակայն Փաշինյանը կտրականապես չի ցանկանում ազատ արձակել քրեական պատիժներ իրականացնող հաստատություններում գտնվող տարիքային նշյալ խմբի ներկայացուցիչներին, որպեսզի այդ միջոցը չտարածվի նաև Ռոբերտ Քոչարյանի վրա։ Նիկոլը պատրաստ է ամեն քայլի, միայն թե կալանքի տակ պահի երկրորդ նախագահին։

Արդարադատության նկատմամբ Փաշինյանի ծաղրը տալիս է բոլոր հիմքերը, որպեսզի Քոչարյանի փաստաբանական խումբը դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նիկոլը ծրագրում է Քոչարյանի հետ անել այն, ինչ արեց գեներալ Մանվելի հետ։ Նա մտադիր է երկրորդ նախագահին կալանքի տակ պահել՝ ընդհուպ մինչև առողջական վիճակի ծայրահեղ վատթարացում։ Հիշեցնեմ, որ գեներալ Մանվելի նկատմամբ փոխեցին խափանման միջոցն ու ազատ արձակեցին կյանքին սպառնացող ծայրահեղ վտանգի վիճակում, ընդ որում Նիկոլը, ըստ մի շարք տեղեկությունների, անձամբ այցելել է կլինիկայի վերակենդանացման բաժանմունք՝ համոզվելու համար, որ գեներալի վիճակն իսկապես շատ ծանր է։ Այսօր Գրիգորյանը գտնվում է տանը, որտեղ զօրուգիշեր պայքարում է մահվան դեմ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ