14 02 2020

Կարեն Բեքարյանը ԼՂ թնջուկը պարզաբանելու համար ԱԳՆ-ին բանավեճի է հրավիրում

Կարեն Բեքարյանը ԼՂ թնջուկը պարզաբանելու համար ԱԳՆ-ին բանավեճի է հրավիրում

Վերլուծաբան Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ, երբ ադրբեջանական սոցցանցային տիրույթից տարածվեց տեղեկատվությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկի և այսպես կոչված «ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարի հանդիպման մասին՝ չշտապեցի արձագանքել հետևյալ պատճառներով.

1. լուրը կարող էր կեղծ լինել, և ընդամենը մաս՝ ադրբեջանական ապատեղեկատվության,

2. հադիպման փաստը կարող էր կեղծ չլինել, սակայն բովանդակության վերաբերյալ գրառումը՝ լիներ ապատեղեկատվություն,

3. անգամ եթե հանդիպումն իրականում եղել էր, և բովանդակության վերաբերյալ գրառումն իրական էր մասամբ կամ ամբողջապես՝ Հայաստանի համապատասխան, իրավասու մարմինները պետք է ժամանակ ունենային Կասպրչիկից ստանալու իր բացատրությունները և նրա միջոցով, կամ, նրա և համանախագահների հետ միասին ուղղելու կամ սրբագրելու «թյուրիմացությունը»: Եթե իհարկե, դա թյուրիմացություն կամ թյուրըմբռնում էր, կամ առավել ևս՝ անակնկալ հարված հայկական կողմերին:

Երեկվանից - այսօր՝ ունենք հետևյալ պատկերը.

1. Որոշակի ժամանակահատվածով, նշված գրառումը հեռացվել էր սոցցանցային տիրույթից,

2. այդ հեռացված ընթացքում, եղավ հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի անբովանդակ և խնդրի կշիռը չգիտակցող մեկնաբանությունը,

3. գրառումը նորից հայտնվեց սոցցանցային տիրույթում (տեղադրում եմ մեկնաբանությունների դաշտում) և գրեթե միաժամանակ լայն տարածում ստացավ ադրբեջանական մեդիա դաշտում,

4. գրառումը, ուղեկցող մեկնաբանությամբ տարածեց անձամբ նաև ադրբեջանի ագն մամուլի ծառայության ղեկավարը,

5. մինչ այս պահը չկա որևէ հերքում կամ մեկնաբանություն Կասպրչիկի, ԵԱՀԿ Մինսկի խմբի որևէ համանախագահի կամ մեր արտգործնախարարության կողմից:

Ուստի, փաստենք.Եթե ՀՀ արտգործնախարարության հանցավոր գործունեության կամ անգործության արդյունքում, վերջին շրջանում, համանախագահ երեք երկրներից յուրաքանչյուրը յուրովի լեգիտիմացրեց այսպես կոչված «ղարաբաղի ադրբեջանական համայնքը», Կասպրչիկը լեգիտիմացնում է արդեն պատգամավոր դարձած, այդ արհեստական համայնք կոչվածի ղեկավարին՝ որպես Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչ:

Պարզ է, ու՞ր ենք հասել, թե՝ ավելին է պետք…

Պա՞րզ է, թե օրինակ, նաև ինչու է պետք մի կողմից հանրության ուշադրությունը շեղել դեպի ՍԴ-ի հետ կապված կեղծ օրակարգ, մյուս կողմից՝ պարալիզացնել նույն ՍԴ-ն… Երրորդ կողմից էլ՝ այս ընթացքում, մասնավորապես, նշված հարցում անգործության մատնված ԱԳՆ ռեսուրսներն էլ դրվում են մեկ հարցի սպասարկան, այն է՝ անօրինական հանրաքվեն աշխարհին «մարսեցնելու»…

Անկախ այն փաստից, որ մինչ այժմ արտգործնախարարության կողմից վարվել և վարվում է «փակ աչքերի և փակ ականջների» քաղաքականություն, և անգամ անկախ այդ քաղաքականության միտումնավորության աստիճանից՝ հրավիրում եմ արտգործնախարարին ուղիղ եթերում բանավեճի:

Վստահ եմ, որ նշված բանավեճը հնարավորություն կտա մեր լայն հանրությանը հասկանալու գործընթացի լրջությունն ու կարևորությունը, և վերջապես իրական և սեփական կարծիք կազմելու մեր ընթացքի և այդ ընթացքի ուղղության վերաբերյալ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ