14 02 2020

Ֆեյքերի սանձարձակ արտահայտությունները նմանակելու օրինակ են բանակում. ՀԴԿ

Ֆեյքերի սանձարձակ արտահայտությունները նմանակելու օրինակ են բանակում. ՀԴԿ

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Ազգային բանակում ոչ  մարտական պայմաններում զոհված զինվորների հարազատներին եւ մերձավորներին:

«Միաժամանակ մեր վրդովմունքն ենք հայտնում բանակի ղեկավարության ոչ պատշաճ, իրավիճակին ոչ համարժեք արձագանքի առիթով: Մինչդեռ, անգամ մեկ «ինքնասպանության հասցնելու» դեպքը պետք է արտակարգ ուշադրություն հրավիրեր զորամասերում առկա իրավիճակի, տիրող բարքերի վրա:

Մեզ համար անընդունելի է, որ «սեւ ու սպիտակի», «հպարտ ու նորմալ» քաղաքացիների բաժանումը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությամբ օգտագործվել իշխող ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից: Այդ արհեստական ու շատ վտանգավոր բաժանման հետեւանքներից մեկն էլ այն է, որ այսպես կոչված «հպարտ», սակայն հոգեկերտվածքով աղքատ երիտասարդը փորձում է ինքնահաստատվել բռնի ուժի միջոցով:

Վճարովի ֆեյքերի խուլիգանական, սանձարձակ արտահայտությունները որոշ երիտասարդների համար նմանակելու օրինակ են եւ բանակում: Անհանդուրժողականությունը բազմաթիվ վեճերի, դանակահարությունների, զենքի կիրառմամբ «ռազբորկաների» առիթ է դարձել:

Իշխանություններին խրատ տալն անշնորհակալ գործ է, այն էլ՝ այսօրվա որոշ «դուրսպրծուկների»:

Մենք դիմում ենք քաղաքական ուժերին, հանրությանը, ծնողներին, ուսուցիչներին, ոստիկաններին, զորամասերի հրամանատարներին՝ միասնաբար կանխենք հոռի բարքերի արմատավորումը, հակահարված տանք «ասֆալտին փռելու», «պատին ծեփելու» եւ այլ հակադաստիարակչական «գաղափարախոսությանը»:

Բոլորս ենք պատասխանատու նոր սերնդին ազգային, քաղաքակիրթ արժեհամակարգի ոգով դաստիարակելու գործում:

ՀԴԿ-ն կոչ է անում կուսակից ընկերներին, համակիրներին, բոլոր նրանց, ում համար կարեւոր է քաղաքացիական համերաշխությունը, ակտիվ քարոզչությամբ հանդես գալ երիտասարդության շրջանում՝ ներշնչելով բարոյականությանը հարիր վարվելակերպ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ