04  12  2019

ԱԺ-ն դարձել է մի նախադասության փոշիացնելու վայր․ ԲՀԿ-ն քաղաքական բոյկոտ հայտարարեց

ԱԺ-ն դարձել է մի նախադասության փոշիացնելու վայր․ ԲՀԿ-ն քաղաքական բոյկոտ հայտարարեց

«Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու մասին հարցի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը քաղաքական բոյկոտ հայտարարեց և լքեց նիստերի դահլիճը:

Ելույթով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նշենք, որ հարցապնդման զեկուցողը փոխվարչապետ Ավինյանն է:

Աբովյանը ներողություն խնդրեց փոխվարչապետից և ԼՀԿ-ից թեմայից շեղվելու համար և հայտարարեց. «Երկու օր է՝ Ծառուկյանի մի նախադասությունը, որը վերաբերում էր ներդրումներին, դարձել է մառազմի և մազոխիզմի փառատոն՝ Ծառուկյանի փողերից սկսած՝ վերջացրած բոլոր-բոլոր թեմաներով, որոնք խնդրին չէին վերաբերում»:

Աբովյանը հիշեցրեց, որ թեման ներդրումների մասին է, որ Հայաստանում  ներդրումներ հնարավոր չէ իրականացնել, և Գագիկ Ծառուկյանն ընդամենը օրինակ էր բերել: «Նոր մեր գործընկերներից մեկը՝ Ալեն Սիմոնյանը, ասաց քանի՞ գլխանի ենք, էնքան գլխանի ենք, քանի ձայն, որ մեզ տվել են ընտրողները, 100 հազարից ավել: Ես պարզապես հիշեցնեմ»,- ասաց նա:

Աբովյանը վստահեցրեց՝ չի ստացվի փոշիացնել, լղոզել այս թեման: «Երկու օր է՝ ֆեյքերի բանակը լղոզում է այս թեման: Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել, որովհետև ԱԺ-ն դարձել է մի նախադասության փոշիացնելու վայր, մենք լքում ենք այսօր խորհրդարանը, և դուք եք պատասխանը տալու՝ ինչու մենք չկարողացանք կառավարությանը մեր հարցերն ուղղել: Քաղաքական բոյկոտ ենք անում»,- ասաց Արման Աբովյանը, և ԲՀԿ խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը:

Տիգրան Ավինյան էլ նշեց, որ թեպետ թեմայից դուրս է Աբովյանի ասածը, բայց այդուհանդերձ պատասխանեց, ասել, որ ներդրումների հետ կապված մեղադրանքը իրականությանը չի համապատասխանում: «Եթե ներդրումները ենթադրում են Երևանի կենտրոնում հողատարածքների նվիրատվություն, կարծում եմ՝ այդտեղ որոշակի խնդիրներ կան, և պետք է հասկանալ՝ որտեղ են ավարտվում ներդրողների շահերը, և որտեղ են սկսվում համայնքի շահերը: Ես կարծում եմ՝ համայնքապետարանի դիրքորոշումը շատ հստակ է  եղել, և դա ընդհանուր կանոն է բոլորի համար և ոչ թե կոնկրետ ներդրողի»,- հայտարարեց Ավինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ