03  12  2019

Աբու Դաբիի թագաժառանգը հիասթափվեց քաղաքապետի հետ հանդիպումից հետո․ Ծառուկյան



ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երևանի քաղաքապետարանին ԿամԱԶ-ներ նվիրաբերելու աղմկահարույց դեպքերին։

«Քննիչ հանձնաժողով կստեղծվի, կքննվի, և իրականությունը բոլորս կիմանանք՝ և՛ մենք, և՛ խորհրդարանը, և՛ երևանցիները։ Քանի որ հեղափոխությունից հետո ամեն մեկս պետք է աշխատանք կատարենք, ժողովրդի սպասելիքն իրականացնենք, մեր երկիրը զարգացնենք, և ամեն մեկն իր հնարավորությունն օգտագործի, կապ չունի՝ դիմություն է, թե ընդդիմություն: Ես կարող եմ օրինակ բերել՝ հրավիրել եմ իմ գործընկերներին՝ Աբու Դաբիի թագաժառանգին և Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տիրոջը: Այդ միլիարդատեր մարդիկ ցանկություն են հայտնել ներդրումներ անել Հայաստանում: Նրանք անձամբ հանդիպել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին: Հանդիպումը տևել է ընդամենը կես ժամ, և մարդիկ հիասթափված դուրս են եկել և իրենց ներդրումների մասին մոռացել են, ժամանակավոր սառեցրել են»,-նշեց Ծառուկյանը՝ հավելելով, որ Աբու Դաբիի թագաժառանգը ցանկացել է Երևանում կարիքավոր անձանց անվճար սպասարկող հիվանդանոց հիմնել, իսկ հյուրանոցային ցանցի տերը՝ երկու հյուրանոց:

«Ես կասեմ, որ ամեն մարդ պետք է իր աշխատանքին տիրապետելով՝ իր գնահատականը տա,  ոչ թե ճարտար, բայց դատարկ-դատարկ խոսելով»,-նշեց Գագիկ Ծառուկյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ