23  10  2019

Միասին կարող ենք շատ ավելին անել մեր երկրների համար․ ՀՀ նախագահը՝ Վրաստանի նախագահին

Միասին կարող ենք շատ ավելին անել մեր երկրների համար․ ՀՀ նախագահը՝ Վրաստանի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները, բազմաթիվ համաշխարհային առաջնորդների հետ,

Ճապոնիայի մայրաքաղաքում մասնակցում են կայսր Նարուհիթոյի գահակալության պաշտոնական արարողությանը։

«Մենք լավ հարևաններ ենք, և միշտ էլ հաճելի է հանդիպել բարեկամ երկրի նախագահի հետ»,- ողջունելով Սալոմե Զուրաբիշվիլիին՝ նշել է Հայաստանի նախագահը։

Ընդգծելով, որ հայ և վրացի ժողովուրդները հազարամյակների բարեկամության պատմություն ունեն, որը, վստահաբար, շարունակվելու է նաև հետագա հազարամյակներում, նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Մենք ունենք համագործակցության շատ լայն սպեկտր և, անկասկած, հսկայական ներուժ։ Մեր համատեղ գործունեության հնարավորությունները շատ ավելի մեծ են, և միասին կարող ենք շատ ավելին անել մեր երկրների ու ժողովուրդների համար»։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր հերթին նշել է, որ երկու ժողովուրդները միասին երկար ճանապարհ ունեն անցնելու, և նրանցից է կախված, թե ինչպես կօգտագործեն տարածաշրջանում առկա մեծ ներուժը։ Նա Հայաստանի իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան։

Երկու երկրների նախագահները խոսել են տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցության մասին։ Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, կարևորել է նախագահական տարբեր նախաձեռնությունների շրջանակում համագործակցությունը, որը կարող է ընդգրկել նոր տեխնոլոգիաների, կրթության ոլորտները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության ու զարգացումների շուրջ։ Նշելով, որ Կովկասը մի տարածաշրջան է, որտեղ խաչվում են տարբեր քաղաքակրթություններ ու մշակույթներ, և բավականին մեծ են փոխգործակցության ու համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները՝ նրանք համաձայնել են, որ միմյանց նկատմամբ հարգանքը, հանդուրժողականությունն ու կայունությունն առաջընթացի կարևոր և անհրաժեշտ պայման են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ