28 05 2019

Աբսուրդի ժանրից է այն, ինչ որ կատարվեց Հայաստանում. Յեժի Մարեկ Նովակովսկի

Աբսուրդի ժանրից է այն, ինչ որ կատարվեց Հայաստանում. Յեժի Մարեկ Նովակովսկի

Aravot.am-ը գրում է.

«Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Յեժի Մարեկ Նովակովսկին զարմացած է Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններից: Խոսքը դատարանների ելքերն ու մուտքերը փակելու`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի մասին է:

Դեսպանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը դեռ չի հասկացել պետության ղեկավարի եւ հեղափոխության ղեկավարի տարբերությունը: Դեսպանն աբսուրդի ժանրից է համարում այն, ինչ որ կատարվեց, նկատի ունի, որ դատաիրավական բարեփոխումների մասին նախաձեռնությունները արագ առաջ եկան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո: Դեսպանն, իհարկե, դատական համակարգի առողջացմանը կողմ է, բայց այդ ամենին այլ անուն տալ չի կարող, քան գործադիր իշխանության կողմից դատական իշխանությանն իրեն հնազանդեցնելը: Յեժի Մարեկ Նովակովսկին առհասարակ չի հասկանում, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի համար թիվ մեկ խնդիրը դարձավ Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին և մյուսներին «նստեցնելը», մինչդեռ նրանից սպասվում էին կոռուպցիայի դեմ իրական պայքար եւ համակարգային փոփոխություններ:

Այս մասին դեսպանն ասաց հայաստանցի լրագրողների հետ Լեհաստանի Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ: Հայաստանցի լրագրողները Վարշավայում են Լեհաստանի արտաքին գործերի նախարարության և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան հրավերով: Դեսպանը մտավախություններ ունի, որ Նիկոլ Փաշինյանին տրված հանրային վստահության պաշարը շատ արագ կարող է մսխվել: Ի դեպ, ստեղծված իրավիճակում, ըստ Յեժի Մարեկ Նովակովսկու, Հայաստանը հայտնվել է ավելի ծանր վիճակում, քան կար, մանավանդ, ներդրումների մասով: Դեսպանի տեղեկություններով, Հայաստանում 2014 թվականից գործող «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը, չի բացառվում, որ լքի Հայաստանը: Այդ մասին դեսպանն իմացել է մասնավոր զրույցում և շատ փակագծեր չի բացում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ