23  04  2019

Հայաստանի մեկ տարին կամ շնորհավոր տոնդ, սիրելի համաքաղաքացի

Հայաստանի մեկ տարին կամ շնորհավոր տոնդ, սիրելի համաքաղաքացի

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է Հայաստանի վերջին մեկ տարվա ներքաղաքական կյանքը։

«1. Ընդդիմադիր մի փոքրիկ խումբ որոշեց քայլերթով Գյուրմրիից հասնել Երևան:

2. Գործող իշխանությունների կողմից ստեղծված լիարժեք ժողովրդավարության պայմաններում, մի քանի մարդկանց կողմից սկսված սովորական քայլարշավը վերածվեց հանրային բնականոն կյանքի խաթարման, շանտաժի, որոշ դեպքերում նաև հակաօրինական գործողությունների:

3. ՀՀԿ-ական իշխանությունը առաջին իսկ օրից հրաժարվեց օրենքով սահմանված կարգով լեգիտիմ ուժ կիրառելու իր հնարավորություններից, ինչից օգտվելով ընդդիմությունը կարողացավ օրեցօր մեծացնել հանրային մասնակցությունը:

4. Երկրի օրինական ընտրված վարչապետը հրաժարական տվեց:

5. Փողոցի վրա ունեցած բացարձակ ազդեցությամբ և կիրառված մանիպուլյացիոն հնարքներով (օրինակ՝ պարտադրված օրակարգով հրապարակային բանակցությունների հրավեր ՀՀԿ-ին, համագործակցության հրավեր խորհրդարանական ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին, մամլո ասուլիս օտարերկրյա լրատվամիջոցներին, իշխանության համար մղվող պայքարի հռչակումը իբրև թավշյա հեղափոխություն և այլն) Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն լեգիտիմացրեց՝ հանդես գալով որպես ժողովրդի թեկնածու:

6. Ազգային Ժողովի վրա կազմակերպված երկու գրոհներից (մայիսի 1-ին և մայիսի 8-ին) և պատգամավորների վրա գործադրված՝ այդ թվում նաև անօրինական ճնշումներից (ընտրիր մեր թեկնածուին և կներվեն քո բոլոր “մեղքերը” կարգախոսի ներքո) հետո Նիկոլ Փաշինյանը ընտրվում է վարչապետ:

7. Առաջին անցումային-անբովանդակ-անծրագիր կառավարության ձևավորումից հետո սկսվում է մարտի 1-ի գործով վենդետան: Առայժմ դեռ պարզ չէ դա արդարության ու օրինականության վերականգնման, անձնական հաշիվների, թ՞ե քաղաքական հորիզոններ ունեցող հաշվեհարդար է:

8. ՀՀԿ-ն խորհրդարանում և Երևանի ավագանիում դեռ մեծամասնություն էր ՝ հետևաբար իշխանափոխությունը ավարտված չէր կարելի համարել: Պատերին ծեփելու, ասֆալտին փռելու, ականջները քաշելու, և այլ բացառապես դեմոկրատական լոզունգներով սկիզբ է դրվում քաղաքականությունից բիզնեսի տարանջատմանը:

9. Երևանի ավագանին հանկարծ որոշում է, որ քաղաքի փրկության, յուրաքանչյուր երևանցու երջանիկ ապագայի, ինչպես նաև Երևանի տարբեր փողոցները հերոսաբար փակած երիտասարդների աշխատանքի հարցերը լուծելու համար պետք է գնալ արտահերթ ընտրությունների:

10. Արդյունքում “տարանջատված բիզնեսը”` ոգեշնչվելով իշխանափոխության վեհ գաղափարներով և միանալով անուշահամ էյֆորիային, Երևանի ավագանու, ինչպես նաև Ազգային Ժողովի ընտրություններում իր վճռորոշ քվեն է տալիս “Իմ Քայլը” դաշինքին՝ առանց թեկնածուներին անգամ ճանաչելու:

11. Երևանի ավագանու արտահերթ ընտրություններով ավարտվում է իշխանափոխության երկրորդ փուլը, սակայն հասարակության էյֆորիան դեռ շարունակվում է և այն պետք է արդյունավետ ուղղորդել:

12. Հոկտեմբերի սկզբին կազմակերպվում է երրորդ գրոհը Ազգային Ժողովի վրա, որի արդյունքում ԲՀԿ ու ՀՅԴ-ն ևս հայտնվում են ընդդիմության շարքերում՝ իշխանական բոլոր լծակները թողնելով հայ ժողովրդի դարերով երազած միակ քաղաքական ուժին՝ “Իմ Քայլը” դաշինքին:

13. Սահմանադրության դեմքը փրկելու և Ազգային Ժողովը ինքնալուծարման տանելու նպատակով Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է վարչապետի պաշտոնից, ու վայն եկել ու տարել է նրան, ով այս երկրում հանկարծ կորոշի վարչապետի թեկնածու առաջադրվել: Թավշյա թատրոնի երրորդ արարը ևս հաջողությամբ ավարտվում է:

14. Հետո այս ամբողջ մղձավանջային խառնաշփոթի մեջ հիշում ենք, որ երկիրը նախագահ ունի, որն էլ հայտարարում է ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման մասին, որի միակ նպատակը Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության լիարժեք ձեռքբերումն ու ՀՀԿ-ի քաղաքական մեկուսացումն է:

15. Սկսվում է նոր խորհրդարան-նոր վարչապետ-նոր կառավարություն (դեռևս անհայտ կառուցվածքով) փուլը, որը շարունակում է կռիվ տալ անցյալի հետ՝ առանց ապագայի վերաբերյալ պատկերացում ունենալու:

Սա մեր պետության վերջին մեկ տարվա պատմությունն է: Սրանք են եղել մեր "գաղափարական ու ծրագրային պայքարի, աշխարհայացքի ու տեսլականների" բախման արդյունքները: Պարզ, սովորական իշխանափոխություն: Ենթադրվում էր, որ այն արվում է քաղաքացու պահանջներն ու ակնկալիքները բավարարելու համար:

Հարկ է նշել, որ անմիջապես իշխանափոխությունից հետո հարցում է իրականացրել միջազգային հեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ համաձայն որի Հայաստանի ՔԱՂԱՔԱՑԻՆ ակնկալում էր, որպեսզի ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ.

1-ին ստեղծի աշխատատեղեր,

2-րդ վերացնի կոռուպցիան,

3-րդ ապահովի ծանոթությունից և կոռուպցիայից զերծ աշխատաշուկա,

4-րդ ապահովի մատչելի բնակարան և ցածր տոկոսադրույքներ,

5-րդ. իջեցնի կոմունալ վճարների, հարկերի (եկամտահարկի), երթևեկության տուգանքների և սննդի ու վառելիքի գները,

6-րդ. էականորեն բարձրացնի աշխատավարձերը և կենսաթոշակները,

7-րդ. բարելավի ենթակառուցվածքները (ճանապարհներ, բնակֆոնդ),

8-րդ . Հայաստանում ավելացնի ներդրումները,9-րդ . զարգացնի փոքր բիզնեսը և այլն:

ՔԱՂԱՔԱՑՈՒ 1-ին ակնկալիքը գոյություն չունի ընդհանրապես, 2-րդով պայքարը սկսված է, սակայն պարզվում է, որ նրանում ընդգրկվում են նաև թավշյա տղերքը,3-րդով ասում են բան չի փոխվել. քաղծառայության մրցույթներով նշանակվում են միմիայն յուրայինները,4-րդի վերաբերյալ ինչ որ աղոտ հույսեր հեռու ապագայի համար գուցե լինեն,5-րդի դեպքում հակառակն է տեղի ունենում,6-րդով որոշ ոլորտներում հայտարարվում է 10%-անոց աճ ապագայի համար,7-րդով դեռ տեղաշարժ չկա,8-րդի վերաբերյալ առայժմ միայն կենացներ են ասվում,9-րդի մասին վիճակագրությունը լռում է:

Շնորհավոր տոնդ սիրելի համաքաղաքացի»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ