03 04 2019

Արմավիրցիները բողոքել են, վարչապետը՝ կրկին բանաստեղծություն գրել

Արմավիրցիները բողոքել են, վարչապետը՝ կրկին բանաստեղծություն գրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Բաղրամյան» զորավարժարան մեկնելու ճանապարհին հանդիպել է Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչների հետ։ Նրանք դժգոհել են գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սիմոնյանից։

«Տեղակալն էլ իր մարդն է, մենք ուզում ենք թեկուզ մարզպետարանից մեկին բերեն, թող ժամանակավոր կառավարի, բայց ոչ Զարզանդ Գրիգորյանը կամ տեղակալը»,–բողոքեցին գյուղացիները։  

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ չի կարող մարդկանց վերաբերվել՝ կախված նրանից, հեղափոխությունը լա՞վ է գնահատում, թե՞ վատ: «Ինչ էլ լինի, վերջում էլի ընտրություն է լինելու, դուք եք անելու: Ձեր տված ձայնին ոչ մեկը մատով չի կպչելու»,- ասել է Փաշինյանը:

Բնակիչը դժգոհել է․ «Երեկ ասում էր՝ էս գյուղում հեղափոխություն չի լինելու: Մեր գյուղում հին Հայաստանն ա: Ես իմ մեջ ներդրում եմ տվել, եթե ինքը պետք է աշխատի որպես գյուղապետ, ես Հայաստանում չեմ ապրելու»։

Վարչապետը կրկին շեշտել է՝ ընտրությունները չի կեղծելու, եթե նա ընտրվի, «գյուղացիներն են իրեն ընտրելու», ինքը չի միջամտելու: «Օրենքը թույլ չի տալիս անել այն, ինչ դուք ուզում եք: Իմացա՝ փետեր-մետեր եք վերցրել, մի արեք նման բաներ: Պաշտոնավարումը կասեցված է, քրեական գործը հարուցված է, ուզում եք՝ մե՞նք էլ «բերսպրեդել» անենք: Կոշտ կարձագանքեմ, եթե բռնություն եղավ»,- զգուշացրել է ՀՀ վարչապետը:

Վարչապետը նշեց, որ կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ է նախաձեռնել, որը թույլ կտա համայնքի բնակիչներին իրենց ձայնը լսելի դարձնել։  «Մենք չենք կարող «բեսպրեդելով» առաջնորդվել, պետք է առաջնորդվենք օրենքով, բայց առաջիկայում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ ենք նախաձեռնել, որը հնարավորություն կտա ձեր ձայնը լսելի դարձնել»,–հայտնեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզից վերադառնալիս բանստեղծություն է գրել եւ հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր Արմավիրի մարզ էի գնացել՝ «Բաղրամյան» զորավարժարան: Այցը կապված էր ԶՈւ գործունեության հետ. պաշտոնական հաղորդագրությունը կա:

Ճանապարհին ավտոմեքենայից տեսնում էի ինձ ողջունող մարդկանց՝ ոմանք դա անում էին այգում կամ բոստանում գործից կտրվելով:

Ժամանակ շատ չունեի եւ ընդամենը երկու տեղ կարողացա կանգնել՝ մարդկանց հետ խոսելու: Ու հետո սկսեցի նեղվել, որ հեռվից ողջունող շատ մարդկանց հետ չկարողացա շփվել:

Ողջ ճանապարհին մտածում էի գործից կտրվող ու ինձ ողջունող այդ մարդկանց մասին: Մինչեւ հասա Երեւան՝ ծնվեց այս բանաստեղծությունը:

Երկար մածում էի՝ հրապարակե՞մ թե ոչ: Հետո որոշեցի հավատարիմ մնալ հին սկզբունքին. եթե ասելիք կա՝ պետք է ասվի:

Համբուրում եմ ձեր ձեռքերը,

որ պարզել եք ինձ հեռվից,

Եւ ուզում եմ վստահ լինել,

որ զգում եք իմ շուրթերի ջերմությունը:

Համբուրում եմ ձեր աչքերը,

որ սիրով են ինձ նայում,

Եւ ուզում եմ վստահ լինեք՝

եթե անգամ ձեր այդ սերը չքանա,

եթե անգամ ատելություն դառնա ձեր այդ սերը՝

Իմ աչքերի սերը երբեք չի խամրելու:

Համբուրում եմ այն կածանը,

որ բացել եք դուք հիմա:

Եւ ուզում եմ վստահ լինեք՝

ձեր ոտքերի կոշտուկների գնով բացված այդ կածանը՝

մայրուղի է դառնալու։

Համբուրում եմ ձեր ձեռքերը,

որ ճաքերով են պատված:

Եւ ուզում եմ վստահ լինել,

Որ զգում եք ջերմությունն

իմ շուրթերի»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ