06  08  2018

Հասկանանք, որ գանք հանրահավաքի

Հասկանանք, որ գանք հանրահավաքի

Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել: 100-օրվա ամփոփման օրիգինալ ձև է: Միայն թե միանգամայն տարբեր են հրավիրողի և մասնակցի ակնկալիքները:

Հանրահավաքի նպատակը

Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը, ըստ մեզ, ունի երկու հիմնական նպատակ՝ տեսնել բազմություն և համոզվել, որ շարունակում է ունենալ աջակցություն (ճիշտ հայտնի հեքիաթի թագուհու պես, որ մշտապես խեղճ հայելուն չարչարում էր՝ համոզվելու համար, որ ինքը դեռևս ամենասիրունն է) և իշխանության քայլերի պատճառով նյարդայնացած ռուսական կողմին ու ակտիվություն չցուցաբերող, գումարային ակնկալիքները հօդս ցնդեցրած եվրոպական կողմին ցուցադրել իր ժողովրդականությունը: Եվ երկրորդ՝ հավաքվածների քանակից որոշել՝ աջակցո՞ւմ են իր վարած քաղաքականությանը, թե՝ ոչ:

Բայց երկու դեպքում էլ սխալված լինելու հավանականությունը չափազանց մեծ է. մի դեպքում մարդիկ կարող են գալ հետաքրքրությունից դրդված, մյուս դեպքում՝ գալ պատասխաններ կամ ինչ-որ կարևոր բան լսելու: Մեծ սպասումներով հեղափոխության ճամփան բռնածներին վարչապետը 100 օրում սպասելի արդյունք ցույց տալ չի կարող. Պարզապես այն պատճառով, որ և՛ ժամանակն է կարճ, և՛ առանձնապես բան չեն արել լավ արդյունք ստանալու համար:

Հանրահավաքը ենթադրում է մենախոսություն, որի միակ պատասխանողը լինելու են ժողովրդի գոռգոռոցները, բայց ձայներից հնարավոր չի լինելու հասկանալ՝ որն են քննադատում, որը՝ գովերգում, որովհետև ընդունված է, որ երկու դեպքում էլ պարզապես գոռում են: Կամ էլ, գուցե, քննադատողը սուս է մնալու, ինչպես սոցցանցերում, գոնե հիմա:

Խոստումների տապալում և անպատասխան հարցեր

Իսկ ի՞նչ պետք է ասի Նիկոլ Փաշինյանը հանրությանը՝ ո՞ր խոստումն է դարձել իրականություն:

Վարչապետը հայտարարեց, որ այսուհետ բոլորն ազատորեն կարող են ներկրել այն, ինչ ուզում են: Մանր ձեռներեցները կգան իմանալու, թե այդ դեպքում ինչո՞ւ չեն կարողանում 5 կիլոգրամից ավելի ձմերուկ անցկացնել Վրաստանի սահմանից այս կողմ: Արդյունքում ձմերուկը թանկացել է 300 տոկոսով:

Ինչո՞ ւ քաղաքացին ստիպված եղավ հենց մաքսատանը կոտրել լվացքի մեքենան, ինչո՞ւ է երրորդը մեքենայի մաքսազերծման համար արժեքի չափ փող տալիս: Ի՞նչու «կայծակնային մաքսազերծումը», որ վարչապետի առաջին հանձնարարականներից էր, նախկին 2-5 օրվա փոխարեն հիմա տևում է 15-20 օր: Անցնում են բոլոր պրոցեդուրալ, բայց բյուրոկրատիկ ընթացակարգերը՝ ըստ օրենքի: Արդյունքում տուժում է գործարարը:

Ձեռներեցը կգա նաև իմանալու՝ եթե վարչապետն ասում էր, որ հարկային տեռոր չի լինելու, այդ դեպքում ինչո՞ւ է հարկայինը հրավիրում անհատապես ու ասում՝ «կամ աշխատում ենք հին ձևերով կամ՝ լրիվ օրենքով՝ ո՞րն է ձեռք տալիս»: Իսկ գործարարը զարմանում է, որ ոչինչ չի փոխվել և համաձայնում «հնով» աշխատել, քանի որ հարկային նոր օրենսգրքով աշխատելը նույնն է, թե սննկանալ:

Արցախում զինվոր որդի ունեցողները կգան՝ իմանալու՝ եթե վարչապետը հայտարարում է այլևս ոչ միչ ծանրոց բանակին, ապա ինչո՞ւ է ՊՆ-ում ստեղծվել ծանրոցները կանոնակարգող հանձնաժողով: Երևի թե ճիշտ այնպես, ինչպես արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլյան պատերազմի ժամանակ համակարգում էր բանակին ուղղվող ծանրոցները, բայց ինչոր մասը դիրքերի փոխարեն հայտնվեց Գեներալ Մանվելի ամառանոցում:

Գուցե ծնողները վարչապետին հրավիրեն «Արցախբանկ»-ի որևէ մասնաճյուղ՝ համոզվելու, որ հերթի տակ զինվոր որդուն փող են ուղարկում՝ դիրքեր բարձրանալու ժամանակ մթերք գնելու համար: Հասկանում ենք, որ ոչ պոպուլյար բան ենք գրում, բայց համոզված ենք՝ անհրաժեշտ՝ թե՛ իշխանության համար, թե՛ բազմաթիվ մեր հայրենակիցների, ում կարծիքով ամեն բան արդեն լավ է ու գնալով լավանում է: Ցավոք՝ այդպես չէ:

Գուցե մարդկանց մի մասը կցանկանա իմանալ, թե ինչո՞ւ մեկ ամսում մոռացության մատնվեցին «Դատարանները Բաղրամյան 26-ից պատվեր չեն ստանալու» և «քաղաքական հետապնդում, վենդետա չի լինելու» շուտասելուկները: Ու եթե մոռացության չեն մատնվել, ինչպե՞ս ԱԱԾ-ն այցելեց առաջին հերթին նախկին նախագահի հարազատներին՝ մուկնուկատու խաղալով, իսկ ՀՔԾ-ն մյուս նախկին նախագահին այնպիսի մեղադրանք առաջադրեց, որ մեղադրանքի տեքստն իսկ քաղաքական է:

Գուցե Փաշինյանը բեմից պարզաբանի, թե «ինձ համար խայտառակություն կլինի քաղբանտարկյալի առկայությունը» խոսքերի հեղինակ լինելով ինչո՞ւ անմիջապես քաղբանտարկյալ դարձրեց երկրորդ նախագահին: Հավատու՞մ է, արդյոք, որ աշխարհի որևէ, կրկնենք՝ որևէ երկրում հնարավոր է նախկին նախագահի դեմ գործ հարուցել և անմիջապես կալանավորել՝ առանց այդ օրվա թիվ մեկ իշխանավորին հարցնելու: Պատասխանենք՝ ոչ, հնարավոր չէ, միանշանակ: Մի պարզ պատճառով՝ այդ տեսակ իրադարձությունն արդեն մեծամասամբ քաղաքական ոլորտից և ավելի քիչ իրավական, և պահանջում է քաղաքական որոշում:

Մի քանի տաղանդավոր մասնագետ կգա հարցնելու, թե կադրային ջարդ չանելու հայտարարության հեղինակ վարչապետն ինչո՞ւ 3 ամսում ջնջեց երկրի պետական ապարատի կադրային բազան, ինչո՞ւ համակարգը լցրեց թեև ուսյալ, բայց ոլորտից բավականին հեռու մարդկանցով, ընդ որում՝ շատ հաճախ լիովին արժանավորներին դուրս շպրտելով աշխատավայրից: Միայն «Սերժի ժամանակ» աշխատած լինելու հանգամանքը դարձավ շատ լավ մասնագետների կարիերայի խորտակման պատճառը, փոխարենը բավականին անհամապատասխան աշխատանք ստացան արտասահմանում կրթված, բայց ոլորտին չտիրապետող շատերը: Չէ՞ որ Չեխիայում կրթություն ստացող երրորդ կուրսի ուսանողը եթե գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել, դա դեռ չի նշանակում, որ համայնքը Պրահա կդառնա: Մի մոռացեք, որ ԱՄՆ-ում կառավարչի կրթություն ստացածը կարող է այստեղ լիովին ձախողվել, որովհետև ԱՄՆ-ում համակարգն այնպես է ձևավորված, որ կդիմանա ցանկացած աղետի:

Գուցե հանրահավաքին մասնակցող տնտեսագետները ցանկանան հարցնել, թե ինչպե՞ս պատահեց, որ արդյունաբերությունը նախորդ տարվա համեմատ անկում գրանցեց, արտահանումը՝ նույնպես, չստեղծվեց որևէ նոր աշխատատեղ, բայց տնտեսությունն աճեց 9,6 տոկոսով: Գուցե ԱՎԾ պետը նոր վրձի՞ն է նվեր ստացել: Ու գուցե նրանք Փաշինյանին տան նույն հարցը, ինչը նա և թիմի անդամները՝ մեզ բոլորիս հետ միասին, սովորաբար տալիս էինք նախորդ կառավարությանը՝ թռիչքաձև աճ ցույց տալիս. «այդ աճը որքանո՞վ է ազդել ժողովրդի վրա»:

Ինչպես նաև թվեր կուզեն նույն տնտեսագետները ներդրումների սպասվող բումի վերաբերյալ՝ քանի՞սն են եկել, մանավանդ օտարերկրյա խոշոր կապիտալով գործող ընկերության աշխատանքի խափանման ֆոնին:

Կոռուպցիայի բացահայտմամբ հետաքրքրվածները գուցե հարցնեն, թե ինչո՞ւ վերահսկիչ կոմիտեն խոստացած սենսացիոն բացահայտումների փոխարեն զբաղված է Սանիտեկի մաքրությանը հետևելով և «գոլդ» համարանիշեր բացահայտելով, իսկ կոմիտեի ղեկավարն էլ անձամբ դեռ միայն Սերժ Սարգսյանի նկարն է դուրս հանել սենյակներից մեկից:

Ինքս, գուցե, գնամ հարցնելու՝ ինչո՞ւ եմ պարտադիր կուտակային համակարգի մեջ ներառվել հուլիսի 1-ից, եթե Նիկոլ Փաշինյանը համարում էր, որ այդ համակարգը մեզ պետք չէ:

Ի՞նչ է վարչապետը ներկայացնելու մարդկանց, որոնց ձայները «Սե՜ր-ժի՜կ, հե-ռա-ցի՜ր, Նի-կո՜լ, վար-չա-պե՜տ» գոռալով կտրվեց, բայց այն բուժելու համար շատերը ոչ դեղի փող ունեն, ոչ՝ հացի, ինչպես որ չունեին «Սերժի ժամանակ»:

Երեկվա ու վաղվա Հայաստանը

Քանի որ ժողովրդին ցույց տալու թիվ ու արդյունք չկա, երևի թե մնում է հրապարակը, միտինգը, խոսքով կերակրելը: Իսկ գործը կսպասի:

Հանրահավաք, որտեղ ոչ ոք չի կարող քննադատել, մոլեռանդներն անմիջապես ձայնը կկտրեն: Ոչ ոք չի կարող հարց տալ, քանի որ ժողովրդին ձայն կտան միայն «ուռա» գոռալու ժամանակ:

Նիկոլ Փաշինյանը խոստացել է խոսել երեկվա, այսօրվա ու վաղվա Հայաստանի մասին: Վստահաբար, նրա խոսքի մեծ չափաբաժինն ուղղված կլինի երեկվա Հայաստանին՝ պախարակելի ու ատելի, ու վաղվա Հայաստանին՝ չափազանց պայծառ, լուսավոր ... Իսկ այսօրվա Հայաստանի մասին՝ միայն այն, որ այլևս չկա մենաշնորհ, այլևս չկա կոռուպցիա, այլևս արդարություն է ... Այսքանը, որովհետև ամենը ճշմարտացիորեն ասելու համար պետք է պատրաստ լինես հարցերի, ունենաս պատասխաններ, լինես վստահ ասածներիդ և արածներիդ առումով: :

«Սերժը հեռացել է», այլևս գոռալու բան չկա...

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ