13 07 2018

Թուրքիայի արտգործնախարարը շնորհավորել է Փաշինյանին

Թուրքիայի արտգործնախարարը շնորհավորել է Փաշինյանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հուլիսի 12-ին, Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելի միջազգային օդանավակայանում վերադարձի թռիչքից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին՝ ամփոփելով է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, տարբեր երկրների առաջնորդների հետ ունեցած հանդիպումները և պատասխանելով հայաստանյան իրադարձությունների, Թրամփի ու մյուս առաջնորդների հետ ձեռքսեղմման, տարածաշրջանում հարևան երկրների հետ հարաբերությունների մասին հարցերին:

Չավուշօղլուն Փաշինյանին շնորհավորել է Բրյուսելում: Նա մոտեցել է Փաշինյանին, երբ վերջինս նստած է եղել պատվիրակությունների սրահում: Թուրքիայի արտգործնախարարը սրընթաց անցել է նրանց կողքով: Մի քանի րոպե անց վերադառնալով՝ մոտեցել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, ում հետ ծանոթացել է Եվրոպայի խորհրդում համատեղ աշխատանքի ժամանակ, ապա՝ Նիկոլ Փաշինյանին, և անձամբ շնորհավորել:

«Նա ծանոթացավ ինձ հետ և ասաց, որ իրենք հետևում էին հայաստանյան գործընթացներին և տեղյակ են, ապա շնորհավորեց վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այլ շփում չի եղել»,-նշել է Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ