13  07  2018

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը Բրյուսելի օդանավակայանում

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը Բրյուսելի օդանավակայանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելի միջազգային օդանավակայանում վերադարձի թռիչքից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ամփոփել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, տարբեր երկրների առաջնորդների հետ ունեցած հանդիպումները, պատասխանել է հայաստանյան իրադարձությունների, Թրամփի ու մյուս առաջնորդների հետ ձեռքսեղմման, տարածաշրջանում հարևան երկրների հետ հարաբերությունների մասին հարցերին:

Փաշինյանը նշել է, որ եվրոպական երկրների առաջնորդները մեծ մասամբ տեղյակ են, թե ինչ է կատարվել Հայաստանում, Եվրամիությունից բազմաթիվ ոգևորող հայտարարություններ են եղել, բայց քաղաքական հարաբերություններում հեղափոխությունից հետո էական փոփոխություն չկա:

«Իմ բոլոր հանդիպումներում ասել եմ, որ ժողովրդավարությունը մեզ համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեքային համակարգ է, ու հույս ունեմ, որ Եվրամիությունում հենց այդպես են ընկալում իրավիճակը: Քանի որ ժողովրդավարությունը մեզ համար համոզմունք է և արժեքային համակարգ, ես կասկած չունեմ, որ մենք ժողովրդավարական բարեփոխումներում հաջողություն կարձանագրենք»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանը երբեք խնդրատուի կարգավիճակում չի լինի:

Նիկոլ Փաշինյանը հայաստանյան իրադարձությունների մասին խոսելիս հայտնել է, որ դեռևս Հայաստանում կան դատավորներ, որոնք լավ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվել երկրում:

Ամփոփելով բրյուսելյան այցի արդյունքները՝ ՀՀ վարչապետն ասել է, որ այցի լավագույն արդյունքը ծանոթությունների ու կապերի լայն շրջանակն է, որը ունեցավ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձեռքսեղմման մասին հարցին պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հատուկ արարողակարգ չի եղել, պարզապես միասին քայլել են ու ձեռքսեղմամբ ծանոթացել:

Վարչապետը Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը ևս որակել է որպես ծանոթություն, քանի որ ՀՀ ԱԳ նախարարի համար այն առաջինն է եղել, իսկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին, Փաշինյանի խոսքով, որևէ խոսակցություն առայժմ չկա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ