11 06 2018

Սա Բաքվի հերթական սադրանքն էր՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը. Տիգրան Բալայան

Սա Բաքվի հերթական սադրանքն էր՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը. Տիգրան Բալայան

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարություն է տարածել ապրիլի 10-ին շփման գծում ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայողի սպանության կապակցությամբ:

«Երեկ երեկոյան Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով սպանվել է Արցախի ՊԲ զինծառայող։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածի հարազատներին և ծառայակիցներին։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցելության նախօրեին կատարված այդ քայլը գնահատում ենք որպես Բաքվի հերթական սադրանք՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը և լարվածության նվազեցման շուրջ պայմանավորվածությունների տապալմանը։

Տվյալ միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է 1994-1995թթ․ զինադադարի հաստատման և ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրի կատարման, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման շուրջ 2016-2017թթ․ գագաթաժողովների ժամանակ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի բանալին խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ձևավորումն է։ Ադրբեջանական կողմի նմանօրինակ գործողությունները, ըստ էության, հակադիր նպատակ են հետապնդում։

Սույն սադրանքի հնարավոր բոլոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը»:

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Վահագն Ջոնիկի Էլոյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ