13 04 2018

Ինչպե՞ս է Սկրիպալներին հաջողվել ողջ մնալ թունավոր նյութից



Խորհրդային քիմիկոս Վիլ Միրզայանովը, որը համարվում է «Նովիչոկ» նյութի ստեղծողը, հայտարարել է, որ թույնը բարձր հիդրոխոցելիություն ունի՝ կորցնում է ունակությունները ջրի հետ շփումից: Այդ մասին նա ասել է հարցազրույցում:

Նրա խոսքով՝ անգլիական Սոլսբերիում ռուսական գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորման օրը մառախուղ է եղել, օդը խոնավ է եղել: Բացի այդ, ջրի հետ նյութի ազդեցությունը, ինչպես նշել է Միրզայանովը, սկսվել է, երբ «Նովիչոկ»-ով դոնդողը քսել են ռեստորանի դռան բռնակին: Նա նշել է, որ արդյունքում Սկրիպալները չեն ստացել թունավոր նյութի մահացու չափաբաժին:

Միրզայանովի խոսքով՝ այդ թույնը կիրառողները չեն իմացել դրա ֆիզիկաքիմիական հատկությունների մասին: Այդ նյութը կարելի է կիրառել միայն չոր օդի պայմաններում:

«Այդ նյութն այդ պայմաններում կարող էր միայն հիմարը կիրառել, որը ոչինչ չգիտի «Նովիչոկ»-ի քիմիական հատկությունների մասին»,- ասել է քիմիկոսը: Նա հավելել է, որ մաքուր թույնը կարող էին պատրաստել միայն հատուկ լաբորատորիայում և բարձր որակավորման կենտրոնում: Նրա կարծիքով՝ դիլետանտը դա չէր կարող անել:

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

Այս իրադարձությունը դարձավ նախ ռուս-բրիտանական դիվանագիտական պատերազմի պատճառ, որը տարածվելով՝ ընդգրկեց մի շարք երկրներ: Այժմ մի քանի տասնյակ երկրներ Ռուսաստանի հետ փոխադարձաբար հետ են կանչել բազմաթիվ դեսպանների:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ