08 02 2024

Ալեն Սիմոնյանի «Ստոկհոլմյան համախտանիշը». վերլուծություն

Ալեն Սիմոնյանի «Ստոկհոլմյան համախտանիշը». վերլուծություն

7or.am-ը գրում է. Հոգեբանության մեջ կա, այսպես կոչված, Ստոկհոլմյան համախտանիշ եզրը: Դա հետևյալ դրսևորումն ունի. զոհն սկսում է համակրել ագրեսորին, իրեն տանջողին։ Օրինակ՝ պատանդներն սկսում են կարեկցել իրենց գողացողներին և նույնիսկ ինչ-որ կերպ խոչընդոտել իրենց իսկ ազատագրմանն ուղղված գործողություններին։

Այդ համախտանիշի մեխանիզմն այն է, որ պատանդի և հանցագործի միջև երկար ժամանակ հարաբերությունները ջերմանում են ոչ պարտադրելի շփման ժամանակ, երբ սկսում են միմյանց ավելի լավ ճանաչել։ Կարող են նույնիսկ ագրեսորների և պատանդների միջև առաջանալ ընկերական հարաբերություններ։ «Զոհը» սկսում է ըմբռնումով մոտենալ հանցագործի գործողություններին և կարող է մտածել, որ նրա տեսակետը ճիշտ է։ Ընդ որում՝ որոշ մասնագետներ պնդում են, որ «Ստոկհոլմի համախտանիշը» ավելի շատ նկատվում է իգական սեռի ներկայացուցիչների մոտ։

Ալենի սերն առ Նիկոլ

Ալեն Սիմոնյանը թեև իգական սեռի ներկայացուցիչ չէ, սակայն դատելով ամենից՝ նրա մոտ կա «Ստոկհոլմյան համախտանիշ»: Որքան շատ է նրան ճնշում ու տանջում Նիկոլ Փաշինյանը, այնքան Ալենի մոտ ավելի շատ է նկատվում Նիկոլին պաշտպանելու ցանկությունը:

Նիկոլը կալանավորել է Ալենի եղբոր կնոջը:Մեղավոր է այդ կինը, թե ոչ, թող քննությունն ու դատարանը որոշեն: Բայց ինչո՞ւ է այդ կնոջ նկատմամբ ընտրվել կալանքը որպես խափանման միջոց: Դա սխալ մոտեցում է: Դա ակնհայտորեն Նիկոլի հրահանգով է եղել: Ինքը վախեցած է և կիրառում է «խփիր յուրայիններիդ, որպեսզի օտարները վախենան» սկզբունքը:

Որպես «յուրային» ընտրվել է Ալենը: Ի՞նչ պետք է աներ տվյալ դեպքում Ալենը, որը նիկոլական համակարգի ամենաօդիոզ դեմքերից է: Եթե այդքան ռիսկ ունենար, ապա պետք է հրաժարական տար ու դուրս գար Նիկոլի թիմից: Նվազագույնը որ պետք է աներ Ալենը, պետք է հրապարակավ չպաշտպաներ Նիկոլին:

Ալենը, ինչպես հայտնի է, հետևյալն արեց: Նա իր ՖԲ էջում տեղադրեց իր, եղբոր ու եղբոր կնոջ համատեղ նկարը և անցավ ... ագրեսիվորեն Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու գործին:

Եթե ելնենք վերը նշված համախտանիշից, Ալենին դուր է եկել Նիկոլի արածը: Նա գտել է, որ Նիկոլը ճիշտ է, իսկ եղբոր կինը՝ սխալ:Այսպես շարունակվելու և հիվանդության զարգացման դեպքում մի օր մենք կարող ենք տեսնել, որ Ալենը ողջունում է իր եղբոր կնոջ կալանավորումն ու փառաբանում Նիկոլի այդ որոշումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ