24 01 2024

Արարատ Միրզոյանը հաստատել է, որ Ադրբեջանը խնդիր է տեսնում ՀՀ Անկախության հռչակագրի մեջ․ «Ազատություն»

Արարատ Միրզոյանը հաստատել է, որ Ադրբեջանը խնդիր է տեսնում ՀՀ Անկախության հռչակագրի մեջ․ «Ազատություն»

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատում է, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի Անկախության հռչակագրի մեջ։

«Բարձրաձայն էլ իրենք այդ մասին ասել են, այո, իրենք համարել են, որ դա խնդիր է, և իրավական հարցեր են ներկայացրել։ Մենք էլ համապատասխանաբար նույն կերպ խնդրահարույց ենք համարել իրենց մոտ ձևակերպումները»,-«Ազատության» հետ զրույցում հայտարարեց նախարարը։

Հայաստանի գործող Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա նաև Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին։

Երեկվա ասուլիսին արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել էր երկու երկրների սահմանադրություններում առկա իրավական խնդիրներից։ Այսօր շեշտեց, որ խաղաղության պայմանագրի նախագծում, որը մինչև այս պահը փոխանակվել է Երևանի և Բաքվի միջև, որևէ դրույթ սահմանադրական փոփոխությունների մասին չկա։

«Ընդհանուր խաղաղության գործընթացի համար երկու կողմերն էլ մյուսների դաշտում նկատել են իրավական խնդիրներ և տեղեկացրել են այդ մասին, երկուսն էլ համապատասխանաբար տվել են պարզաբանումներ։ Այդպիսի քննարկումներ դեռ վստահաբար կլինեն», - նշեց Արարատ Միրզոյանը՝ շեշտելով ևս մեկ անգամ, որ Սահմանադրության փոփոխությունը կամ նոր Սահմանադրության մշակումը տարիներ առաջ են դեռ սկսել։

Նա նաև նշեց՝ Սահմանադրությունը ՀՀ ներքին հարաբերությունների կազմակերպման սկզբունքներն է ֆիքսում, բայց կարող է ազդեցություն ունենալ տարածաշրջանային կամ Հայաստան-աշխարհ հարաբերությունների վրա ևս։

«Ես այդ ազդեցությունն ու այդ հարաբերությունը չեմ ժխտում, բայց ուզում եմ ասել, որ այդպիսի պահանջ կամ տեքստ, նախագիծ, ոչինչ չկա խաղաղության պայմանագրում», - վստահեցրեց նա։

Օրեր առաջ Հայաստանի վարչապետն էր հայտարարել, որ Հայաստանը պետք է ունենա նոր Սահմանադրություն, որը երկիրն ավելի մրցունակ ու կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ