09 10 2023

Նիկոլը չշնորհավորեց Արցախի նախագահին, դա էլ արձակեց Ալիևի ձեռքերը. «Հրապարակ»

Նիկոլը չշնորհավորեց Արցախի նախագահին, դա էլ արձակեց Ալիևի ձեռքերը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Արցախի հայաթափման ու կազմալուծման պատասխանատվությունն իշխանությունները գցում են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի վրա, ով ընդամենը մի 10 օր առաջ էր ընտրվել։ Բայց Հայաստանում մեղավորը նախկիններն են, որոնք Փաշինյանից տարիներ, անգամ տասնամյակներ առաջ էին կառավարել։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Հայաստանի նախկին իշխանություններին՝ ներկա ընդդիմությանն է մեղադրում իր ձախողումների համար, այլեւ նրանց մեղադրում է Շահրամանյանի ընտրությունը շնորհավորելու համար։ Այսինքն՝ ինչպես միշտ, մեղավոր են բոլորը, բացի իրենից։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին հանդիպեցինք Արմեն Աշոտյանի դատաքննությունն իրականացնող դատարանի բակում եւ խնդրեցինք մեկնաբանել, թե որքանով են Փաշինյանի մեղադրանքներն իրական։ Վարդանյանը հակառակ պնդումն արեց, որ ոչ թե իրենց շնորհավորելը, այլ Փաշինյանի չշնորհավորելն էր աղետի պատճառը։

«Ինչպես միշտ, այս իշխանությունների ասածի 180 աստիճան հակառակն է։ Այս ամենը տեղի ունեցավ առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյան ասվածը չշնորհավորեցին Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին։ Եթե հիշում եք, երբ փոխվեց ԱԺ նախագահը, եւ նախագահ դարձավ Դավիթ Իշխանյանը, Հայաստանի ԱԺ նախագահը հեռախոսազրույց ունեցավ Իշխանյանի հետ, ենթադրում եմ՝ նաեւ շնորհավորեց։ Ես վստահ եմ, որ Ալեն Սիմոնյանն ինքնուրույն չէր արել դա, բայց երբ Արցախի նախագահը փոխվեց, Հայաստանի իշխանությունները՝ ո՛չ վարչապետ ասվածը, ո՛չ արտգործնախարարությունը, ո՛չ Հայաստանի նախագահ ասվածը, որեւէ մեկը չշնորհավորեց, եւ հենց դա էլ պատճառ եղավ Ադրբեջանի ձեռքերն արձակելուն։ Եթե դու չես շնորհավորում, տեր չես կանգնում Արցախի իշխանության փոփոխությանը, ապա, բնականաբար, Ադրբեջանը մտածում է, որ դու դժգոհ ես այս փոփոխությունից։ Եվ եթե հիշում եք՝ Էրդողանն իրենց հեռախոսազրույցից հետո հրապարակավ ասաց, որ Փաշինյանը եւս դժգոհ էր այդ փոփոխությունից։ Եթե այս ամենը մի շղթայի մեջ ենք դիտարկում, տեսնում ենք, որ սրանք ձեռքերը լվացին, ասացին՝ մենք կապ չունենք, դուք ինչ ուզում եք, արեք, եւ Էրդողանը նաեւ ասաց, որ Փաշինյանը տեղեկացված էր Ադրբեջանի գործողություններին։ Եթե դու ասում ես՝ ես գործ չունեմ, հեռու եմ կանգնում, չեմ խառնվում, ասում ես՝ ուզում էին ինձ ներքաշել պատերազմի մեջ, ապա, բնականաբար, Ադրբեջանի ձեռքերն ազատվեցին։ Նույնը սա արել է այն ժամանակ, երբ Ադրբեջանը մտել էր Հայաստանի տարածք, երբ ասում էր, որ սրա համար չենք կռվելու, նրա համար չենք կռվելու։ Ես երաշխավորում եմ, որ եթե վաղը Ադրբեջանը փորձի հարձակվել Հայաստանի վրա՝ անկլավների մասին են խոսում, ապա սրանք կրկնելու են, որ մենք չպետք է ներքաշվենք պատերազմի մեջ։ Այսինքն՝ ողորմելի, ամբողջովին կուլ գնացած, իբրեւ ծառա եւ ստրուկ Ադրբեջանին, շարունակում են իրենց գոյությունը։ Սա է իրականությունը։ Ադրբեջանի նման հարձակումն Արցախի վրա հնարավոր եղավ, քանի որ Հայաստանից որեւէ մեկը չշնորհավորեց այդ փոփոխությունները»,- պատասխանեց Վարդանյանը։

Պատգամավորը նաեւ ասաց, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականը շատ ավելի վաղ պիտի լիներ, սակայն դրան էլ է Փաշինյանը խանգարել․ «44-օրյա պատերազմից հետո Արայիկ Հարությունյանը պատրաստվում էր հրաժարական տալ, ե՛ւ մեխանիզմները կային, ե՛ւ քննարկումները կային, բայց ես ձեզ երաշխավորում եմ, որ այդ նույն մարդն այն ժամանակ թույլ չտվեց, որ Արայիկը հեռանա։ Եթե այն ժամանակ Արայիկը հրաժարական տար, եւ ձեւավորվեր Հայաստանի իշխանությանը ոչ ենթակա իշխանություն, մենք այս պատկերը՝ 3 տարի հետո, վստահաբար, չէինք ունենա։ Այսինքն՝ ամբողջ մեղքն ու պատասխանատվությունն Ադրբեջանի առջեւ կռացած եւ ողորմելի այս իշխանությանն է՝ ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ հիմա»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ