16 08 2023

Մեր ակնկալիքն ու պահանջն է ՄԱԿ-ի ԱԽ-ից վերականգնել Լաչինի միջանցքով անխափան ու երկկողմանի տեղաշարժը. Արայիկ Հարությունյան

Մեր ակնկալիքն ու պահանջն է ՄԱԿ-ի ԱԽ-ից վերականգնել Լաչինի միջանցքով անխափան ու երկկողմանի տեղաշարժը. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին ընդառաջ, գրել է.

«Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովուրդը հույսով սպասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա արտակարգ նիստին, դրան հաջորդող գործընթացներին և, վերջիվերջո, դրանց շոշափելի արդյունքներին: Այս նիստը լակմուսի թուղթ է ոչ միայն Արցախի շուրջ միջազգային հանրության և դրա կոնկրետ դերակատարների իրական դիրքորոշումների ու վարքի համար, այլև՝ ցեղասպանությունների կանխարգելման, մարդու և ժողովուրդների իրավունքների ու ազատությունների երաշխավորման գործում միջազգային հանրության ստանձնած իրավական ու բարոյական պարտավորությունների համար:

Մեր ակնկալիքն ու պահանջն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ու երկկողմանի տեղաշարժը՝ Արդարադատության միջազգային դատարանի հրամաններին ու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան: Մեր ժողովրդի կենսագործունեության համար բավարար ու բարենպաստ միջավայր և միջազգային երաշխիքներ ապահովելուց հետո մենք պատրաստ ենք ներգրավվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման միջազգային գործընթացում:

Մենք բազմիցս ենք ընդգծել մեր դիրքորոշումը, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի առաջնահերթորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և ցեղասպանության կանխարգելման սկզբունքների վրա: Ընդ որում, Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն իրացրել է՝   չխաթարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ուստի, անտեղի են ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հակադրման փորձերը»։ 

Հիշեցնենք, որ ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը կկայանա այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 23։00-ին։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ