09 08 2023

Հայաստանում այսօր տիրում է անիշխանություն և քաոս. Արտակ Զաքարյան

Հայաստանում այսօր տիրում է անիշխանություն և քաոս. Արտակ Զաքարյան

ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ 

«Երբ աջ ու ձախ անվանարկվում, դատապարտվում, պախարակվում, և զրպարտվում է անցյալը` ներկան դառնում է անտանելի գորշ, իսկ ապագան`մռայլ ու անորոշ:

Երբ ամեն մեկն իրեն հռչակում է ամենագետ, ու գլխից մեծ դատողություններ է անում` հանրային կյանքը վերածվում է քաոսի:

Երբ ժողովրդի մեջ անհետանում է առողջ միտքն ու բանականությունը` նրա երկիրը կորցնում է իր դրական ունակությունները:

Երբ մարդիկ հրաժարվում են բարոյականությունից, հավատարմությունից, միմյանց նկատմամբ հարգանքից ու կարեկցանքից` Աստված էլ հրաժարվում է նրանցից:

Երբ ազգը հեշտությամբ ուրանում է իր իրական հերոսներին, հայրենիքի համար տարբեր ոլորտներում անմնացորդ ծառայող իր զավակներին` օտարներն են դառնում նրա ճակատագիրը տնօրինողները:
Երբ հասարակության համար հայհոյանքը դառնում է սովորական երևույթ, այդ հասարակության դաստիարակած մարդն ի սկզբանե անպիտան է:

Երբ թացն ու չորը խառնվում են իրար` ճշմարտությունն ու արդարությունը ոտատակ է գնում:
Ոչ երանի այն հինավուրց ազգերին, որի անտարբերությունը ծնում է ամբոխվարություն: Ամբոխը մեղավոր չէ, որ իր անկարողությամբ ոչնչացնում է ազգի արժեքներն ու նրա ապագան:

Հայաստանում այսօր տիրում է անիշխանություն և քաոս: Հայաստանը խճողվել է իր իսկ հորինած ստերի, թշնամու գործած որոգայթների, կեղծ հեղափոխական միֆերի, անհիմն մեղադրանքների, միմյանց նկատմամբ ծնած ատելության, չավարտված պատերազմի, չգտնված խաղաղության և մարդկանց հույսերը խորտակող ճահիճի մեջ: Այս ճահիճից դուրս գալու համար, նախ և առաջ իշխանություն է պետք: Իշխանություն` որը գիտի իրեն ծնող ազգի, նրա ստեղծած պետության և մարդկային իրական արժեքների տեղն ու դերը:

Հ.Գ.

Ավետարան ըստ Մատթեոսի 7:6
«...Սրբությունը շներին մի՛ տվեք և ձեր մարգարիտը խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի ոտնակոխ չանեն դրանք և շրջվելով՝ ձեզ չպատառոտեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ