27 07 2023

Կալանավորմանը զուգահեռ ավելանում են նաև տնյաին կալանքի դեպքերը. սարքերը չեն հերիքում

Կալանավորմանը զուգահեռ ավելանում են նաև տնյաին կալանքի դեպքերը. սարքերը չեն հերիքում

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների համաձայն՝ 2023 թվականի հունվարի 1-ից Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը ապահովում է տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կատարումը, որոնք իրականացվում են էլեկտրոնային հսկողության հատուկ սարքավորումների միջոցով: Այդ նպատակով 2022 թվականին ձեռք է բերվել 200 սարքավորում: Սակայն խափանման միջոցների կատարման առաջին երեք ամիսների ընթացքում դատարանի կողմից կայացված տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման որոշումների աննախադեպ մեծ քանակից /ստացվել է 126 որոշում/ պարզ դարձավ, որ 200 սարքավորումները կարող են բավարարել մինչև 2023 թվականի մայիս ամիսը /ստացվել է ընդհանուր 173 որոշում/: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը էլեկտրոնային սարքավորումների ձեռք բերման նպատակով նախարարությանը հատկացված դրամական միոցների շրջանակներում ձեռք է բերվել ևս 140 սարքավորում 500 ամրակապ և 140 լիցենզիա:

2023 թվականի մայիս ամսվա ընթացքում ստացվել է ևս 59 դատական ակտ, իսկ մինչև հունիսի 20-ը 42 դատական ակտ, հետևաբար ակնհայտ է, որ էլեկտրոնային հսկողության սարքերի նոր ձեռք բերված խմբաքանակը (140 միավոր) կապահովի ընդամենը ժամանակավոր լուծում (առավելագույնը երեք ամիս), ինչպես նաև հաշվի առնելով այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ստացվող (տնային կալանք, վարչական հսկողություն) դատական ակտերի օրեցօր աճող դինամիկան Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կողմից 2023 թվականի ընթացքում  տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ձեռք բերել էլեկտրոնային հսկողության լրացուցիչ սարքավորումներ:

Հաշվի առնելով վերգրյալը, Արդարադատության նախարարության կողմից «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ հայտարարվել է թիվ ՀՀԱՆ-ԲՄԱՊՁԲ-23/32 ծածկագրով բաց մրցույթը: Մրցույթին մասնակցել է մեկ մասնակից «ՋԻ ԷՍ ՍԻ» ՍՊԸ-ն, որը 300 սարքավորումների, դրանց օգտագործման համար անհրաժեշտ այլ սարքերի, ռետինե ամրակապերի, էլեկտրոնային ծրագրի և պրոբացիայի ծառայողների վերապատրաստման համար առաջարկել է 97մլն. 200 հազար ՀՀ դրամ: Մրցութային հանձնաժողովի կողմից «ՋԻ ԷՍ ՍԻ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված մրցութային հայտի պատասխանը գնահատվել է բավարար և ընկերությունը ճանաչվել է հաղթող:

Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ, որով 97,200.0 հազ․ դրամ  գումարի չափով կավելացվի Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տեխնիկական հագեցվածության ապահովման գումարները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ