05 07 2023

Ինչպես Նիկոլը բռնաբարեց Սահմանադրությունը․ վերլուծական

Ինչպես Նիկոլը բռնաբարեց Սահմանադրությունը․ վերլուծական

7or.am-ը գրում է․

Այսօր՝ հուլիսի 5-ին, Հայաստանի Սահմանադրության օրն է: Բանից պարզվում է, Հայաստանը դեռ Սահմանադրություն ունի: Իսկ հուլիսի 5-ին է օրը նշվում, որովհետև հեռավոր 1995-ին այդ օրն է տեղի ունեցել հանրաքվեն: Ի դեպ, նույն օրը նաև ՀՀ ԱԺ (առաջին, մինչև այդ ԳԽ էր) ընտրություններն էին: Թե՛ ԱԺ ընտրությունները, թե՛ Սահմանադրության հանրաքվեն այն ժամանակվա իշխող ուժը՝ ՀՀՇ-ն, անցկացրեց խայտառակ ընտրակեղծիքներով, խախտումներով: Այսօր արդարությունից, մաքուր ընտրություններից ու նման բաներից լոփո-լոփո խոսող բազմաթիվ նիկոլականներ այն ժամանակվա ընտրախախտումների ու կեղծիքների ժամանակ երկրորդական դերերում չէին, բայց սատանան իրենց հետ:

Առհասարակ, ընդունվելուց ի վեր, Սահմանադրության տարբեր հոդվածներ, դրանցում արձանագրված տարբեր նորմեր խախտվել են: Բոլոր իշխանությունների օրոք: Ամենատարբեր հետևանքներով: Եղել է՝ անգամ, մարդիկ «վիզ են դրել» Սահմանադրական դատարանով, եղել է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանով, հասել են իրանց իրավունքների գործնական պաշտպանությանը: Եղել է՝ չեն հասել: Ի վերջո, ոչինչ կատարյալ չէ:

Բա՛յց: Ու այստեղ կարելի էր մի քանի տող գրել այդ «բա՛յց»-ը: Այն այլանդակությունները, որ վերջին 5 տարիներին Սահմանադրության ու սահմանադրական բազմաթիվ հոդվածների, նորմերի նկատմամբ թույլ են թվել Նիկոլ Փաշինյանը ու նրա ՔՊ-ն, այնքան բազմաթիվ են, որ կբավարարեին մի քանի տանյակ իշխանությունների: Իսկ փաշինյանական այլանդակությունները ՀՀ Սահմանադրության ու սահմանադրական նորմերի նկատմամբ, իրենց բովանդակային խորքով ու ավերածություններով, պարզապես անհամեմատելի են նախկիններում (ում կողմից էլ որ եղած լինի) արձանագրված ինչ-ինչ առանձին խախտումների հետ:

Սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում ու այդ կառավարման հետևանքով, ուղղակիորեն վերածվել է ոտնաշորի: Այն ոտնաշորված է:

Ավելին, Նիկոլ Փաշինյանն ու նրա քպ-ն, առանց չափազանցության, բռնաբարել են Հայաստանի Մայր օրենքը՝ Սահմանադրությունը: Հիմքից են բռնաբարել:

Ապացո՞ւյց: Ահա՛ այն: ՀՀ Սահմանադրության նախաբանում հատուկ ընդգծվում է, որ հայ ժողովուրդն այն ընդունում է՝ հիմնվելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքների և համազգային նպատակների վրա: Այսինքն՝ ուղիղ, անբեկանելի հղում է արվում Հայաստանի անկախության հռչակագրին:

Իսկ անկախության հռչակագրում, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության հիմնարար ու էլի անփոփոխելի փաստաթղթում ամրագրված է, որ այն ընդունվում է, ի մասնավորի, նաև՝ «կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»:

Նիկոլ Փաշինյանը, պաշտոնապես հայտարարելով, որ Արցախը ճանաչում է ադրբեջանական տարածք՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, դրանով իսկ կոպտորեն ոտնահարում է ՀՀ անկախության հռչակագիրը, ուղիղ գծով՝ ՀՀ Սահմանադրությունը:

Գործնականում, Արցախի ուրացումով Նիկոլ Փաշինյանը թույլ է տալիս սահմանադրազանցություն՝ ինքնաբերաբար դառնալով ոչ լեգիտիմ ու անհապաղ կալանավորման ու դատարանի առաջ կանգնեցվելու ենթակա:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը կրկնակի է բռնաբարում Սահմանադրությունն ու անկախության հռչակագիրը, քանզի Հայոց ցեղասպանության ուրացմամբ, որի վերաբերյալ նույնպես անթաքույց ակնարկներ են արվում իր և իր թիմակիցների կողմից, նա ոտնահարում է Հռչակագրի 11-րդ կետը, այն է՝ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Հիմնականը. դառնալով սահմանադրազանց, կանխամտածված ու ամենակոպիտ դրսևորումներով հիմքից բռնաբարելով ՀՀ Սահմանադրությունը՝ Նիկոլ Փաշինյանը գործնականում ազատում է իր բոլոր հակառակորդների, առհասարակ, ՀՀ բոլոր քաղաքացիների ձեռքերը՝ իրենից ու իր իշխանությունից ազատվելու հարցում: Ավելին, Նիկոլ Փաշինյանի «իշխանությունից» ազատվելը, ազգային-ազատագրականից բացի, ձեռք է բերում Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման բովանդակություն ու բնույթ:

Արմեն Հակոբյան

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ