30 06 2023

Բաքուն ցանկանում է քննարկել միայն ինտեգրացիան, այլ թեմա չի քննարկում․ Արայիկ Հարությունյան. civilnet.am

Բաքուն ցանկանում է քննարկել միայն ինտեգրացիան, այլ թեմա չի քննարկում․ Արայիկ Հարությունյան. civilnet.am

civilnet.am-ը գրում է.

«Հունիսի 29-ին հրավիրվել է Արցախի Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը: Օրակարգի առաջին հարցն Արցախի նախագահի 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2023 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումն էր: Նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերի, որոնք առնչվում էին ինչպես հաղորդմանը, այնպես էլ երկրում ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի սադրանքներին ու բանակցային գործընթացին: ՍիվիլՆեթը ներկա էր նիստին և գրի է առել պատգամավորների ու նախագահի հարցուպատասխանի ժամանակ հնչած առավել կարևոր մտքերը։

 

Հայաստանի Հանրապետության ոչ մի զինվոր չկա Արցախի պաշտպանության բանակում

Անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյան հարցրեց հունիսի 28-ին զոհված չորս զինծառայողներց մեկի աճյունի՝ Հայաստան տեղափոխման հնարավորության մասին։

Նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ կարող է խոսել այդ թեմայի շուրջ, քանի որ արդեն ադրբեջանական կողմն է հրապարակումներ արել․ «Մենք դիմել ենք խաղաղապահներին, որպեսզի ապահովվի տեղափոխումը, գիտեք, որ այսօր միայն ուղղաթիռով կա տեղափոխման հնարավորություն։ Մարդու տեղափոխում կատեգորիկ չի եղել, բայց գոնե որոշ բժշկական պարագաների տեղափոխում կազմակերպել են։ Խնդրել ենք, դիմել են ադրբեջանական կողմին, ստացել են բացասական պատասխան։ Մենք դիմել ենք Կարմիր Խաչին․ Կարմիր Խաչը շանս տալիս է, տվյալներ փոխանցել ենք և մինչև մի քանի ժամը պիտի լինի պատասխան։ Բայց արդեն Ադրբեջանը գրել է՝ բա որ մենք ասում ենք Հայաստանի Հանրապետության զորքը և այլն։ Ես այստեղից այսօր բարձրաձայն հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետության մի զինվոր չկա Արցախի պաշտպանության բանակում ծառայող։ Զոհվածը գիտեք, որ Հայաստանի քաղաքացի չէ, դուք շատ լավ գիտեք՝ ով է, հայրը աշխատում էր մեր կառույցներում՝ փրկարար ծառայության, այսօր էլ է աշխատում, բայց ստիպված դառել է տեղահանված, և հարազատների մեծ մասը գտնվում է Հայաստանում։ Եվ հուղարկավորումը խնդրել են կազմակերպել Հայաստանում, դրա համար ինչքան էլ Ադրբեջանը ցույց տա, թե նա Հայաստանի քաղաքացի է, այդպիսի բան չկա։ Պարտավոր ենք հարգել ընտանիքի ցանկությունը։ Այսօր պարզ կլինի, եթե Կարմիր Խաչը կարողանա, երևի վաղը կկատարենք [տեղափոխումը]»։

 

(Զոհված զինծառայողներից մեկը Արցախի քաղաքացի է, սակայն նրա ընտանիքը 44-օրյա պատերազմի հետանքով տեղահանվել է և բնակվում է Հայաստանում։ Այդ դեպքի կապացությամբ Ադրբեջանն արդեն աղմուկ է բարձրացրել, թե իբր ՀՀ զինծառայողները ծառայում են Արցախի պաշտպանության բանակում)։

Մենք բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինենք

Պատասխանելով Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանի հարցին՝ Հարությունյանն ասաց, որ սահմանում հիմա հարաբերական կայուն է։ Հարությունյանը նաև նշեց, որ հունիսի 28-ին չեն գնացել լարվածության բարձրացման, ինչի համար բազմաթիվ պատճառներ կան․ «Եթե լինի առանձին հանդիպում, ես կներակայացնեմ։ Թե ինչ է սպասվում, կներակայացնեմ, մենք բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինենք։ Մենք պետք է հասկանանք, որ՝ այո, մենք ունենք խնդիրներ, այդ խնդիրների հետևանքով կրելու եք զրկանքներ։ Բայց պետք է հաղաթահարենք, նորից ուզում եմ հայտարարել։ Ավելի ծանր ժամանակներ ենք հաղթահարել և կախված է լինելու, թե ինչպիսինն է լինելու մեր դիմադրողականության աստիճանը»։

Տեղական արտադրությունը թույլ կտա չնեղվել մեզ, չնայած 50%-ից ավելի կորցրել ենք

Հարությունյանը խոսեց նաև տեղական արտադրության մասին, որը թույլ է տալու չնեղվել և չենթարկվել ադրբեջանական ճնշումներին․ «Վեց օր հետո ասում են բունտ է լինելու, ժողովուրդը գալու է ասի՝ էս ի՜նչ է լինելու։ Դե բունտ է լինելու, գնացեք Ադրբեջանին հանձնվեք»։

Նախագահը կրկին անդրադարձավ սպասվող դժվարություններին․ «Մի ամիս առաջ հարցրել են՝ ձմեռը ոնց ենք անցկացնելու, ասել եմ՝ չգիտեմ, որովհետև չգիտեմ, թե ինչ ռեժիմ է լինելու՝ հեղուկ գազ կարողանալու ենք բերել, թե չէ։ Ցավոք, եղանակային պայմանները այդքան բարենպաստ չեն եղել՝ հազարավոր հեկտարներ երաշտի պատճառով, հազարավոր հեկտարներ կարկտահարության պատճառով, եթե լիներ [չլիներ], 12 ամիս ու 24 ժամ ամեն ինչ կունենայինք։ Նաև պարենամթերքի արտադրության 50 տոկոսից ավելին կորցրել ենք։ Դա բնական աղետ է, դրան էլ պետք է պատրաստ լինել»։

Բաքուն մի թեմա է քննարկում մեզ հետ՝ ինտեգրացիան, երկրորդ թեմա չի քննարկում

 Հարությունյանը նաև խոսեց այն մասին, թե ինչու պետք չի ընդունել Ադրբեջանի առաջարկը և գնալ Բաքու բանակցելու․ «Որովհետև Բաքուն մի թեմա է քննարկում մեզ հետ՝ ինտեգրացիան, երկրորդ թեմա չի քննարկում։ Տարբեր տեղերից ասում են՝ գնանք համոզենք։ Փորձել եմ, ընկերներ, երկու տարի փորձել եմ։ Եթե որևէ մեկը գտնում է, որ ես վատ բանակցող եմ եղել, [ապա] վերջին փուլում չեմ բանակցել, ես չեմ գնացել։ Այդ բանակցությունները արդյունք չեն տալիս, որովհետև վերջում գալիս ասում են՝ էս է մեր նպատակը։ Մենակ մեզ չեն ասում, այդ օրակարգը ասում են ՄԱԿ-ում, ասում են երեկ և այսօր՝ Բլինկեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման ժամանակ։ Ադրբեջանը մեզ ասում է՝ առաջին կետ՝ պաշտպանության բանակը լուծարել։ Պիտի լուծարենք, հետո գնանք հանդիպման։ Հերթականությունն ասեմ՝ գնում եք հայտարարում՝ բանակը լուծարել եք, պետական կառավարման համակարգը լուծարում եք։ Հազիվ ստեղծում են համայնքային ընտրությունների մեխանիզմ, որից հետո գազը կտան, հոսանքը կտան և ճանապարհով կթողնեն գնալ-գալ։ Եվ պարզ է, թե ինչպես են թողնելու՝ որպես Ադրբեջանի քաղաքացի։ Ես դեմ չեմ բանակցություններին, ես դեմ չեմ հանդիպումերին։ Ամենաշատ կողմը ես եմ եղել և ամենաշատ հանդիպումները ես եմ իրականացրել։ Մենք պիտի գիտակցենք, որ ունենալու ենք խնդիրներ, հաղթահարելի է այդ ամենը, ժողովուրդ, երկու բան ունենք անելու՝ ինքնապաշտպանություն և դիմարողականության բարձրացում։ Այդ առումով ի՞նչ ենք արել և ի՞նչ պիտի անենք, եթե ցանկություն լինի, առանձին կքննարկենք»։

Խուճապ մի առաջացրեք, ժողովուրդն ուզում է ապրել, արարել այստեղ

 «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունից Արմեն Հակոբյանը հարցրեց շատ քննարկվող թեմաներից մեկի՝ պետական պաշտոնյաների, այդ թվում՝ բաձրաստիճան, կամ նրանց ընտանիքի անդամների՝ ամիսներ շարունակ Արցախից դուրս գտնվելու մասին․ «Խնդրում եմ հայտնել Ձեր վերաբերմունքը, ձեր որոշումը այդ մարդկանց հանդեպ»։

 Արայիկ Հարությունյանն ասաց, որ մի բարձրաստիճան պաշտոնյա ունենք դրսում և դա մեր արտաքին գործերի նախարարն է։ Իսկ պաշտոնյաների նկատմամբ, որոնց ընտանիքները դրսում են, պիտի խիստ որոշումներ կայացվեն, արդեն ԱԱԾ-ին ուղղված հանձրարականներ կան․ «Կա հիմնավորված, և կա չհիմնավորված բացակայություն։ Դրանով չպիտի սահմանափակվենք, ես հանձնարարել եմ նախագահի աշխատակազմին, շատ լուրջ որոշումների փաթեթ ենք ներկայացնելու։ Նրանք, ովքեր թողել են երկիրը, գնացել, այսօր վարձակալությամբ տվել իրենց գույքը և ստանում են եկամուտներ․․․ Այդ բոլորի նկատմամբ պետք է որոշում կայացնել։ Ես չեմ կարող ասել, թե ինչ ենք անելու՝ մի կողմից մենք պիտի հարգենք մեր Սահամանադրությունը, հարգել ենք ու պահում ենք, բայց ես կողմնակից եմ, որ նման մարդկանց հանդեպ պիտի լինի շատ խիստ վերաբերմունք՝ զրկել եկամտի աղբյուրից, սա բարձրաձայն հայտարարում եմ։ Ընդհուպ, եթե մասնագետները թույլ տան նման որոշում կայացնել, պետականացնել գույքը։ Մենք պետք է գնանք այդ ճանապարհով, կամ մարդիկ կամավոր տրամադրեն իրենց բնակարանները, թող մնա էլի սեփականություն»։

Շարունակելով թեման, նախագահն ասաց, որ ընդունելության ժամանակ նրան ամենաշատը հենց դիմում են բնակարանի հարցով, ինչն ապացուցում է, որ Արցախից չեն ուզում արտագաղթել․ «Նախ՝ ով ուզում է քինա, ջիհանդամը քինա, թող ծենը կտրած քինա։ Եթե իհարկե քինալու ա, խուճապ մի առաջացրեք, ժողովուրդը ուզում է ապրել այստեղ, արարել այստեղ, մենք այդ հնարավորությունը պիտի տանք բոլորին»։

 

Բուհերի շրջանավարտների մասին, որոնք չեն կարողանում Արցախ վերադառնալ

 

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունից Էլեոնորա Ավանեսյանի հարցը վերաբերում էր Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին։ Քանի որ քննաշրջանն ավարտված է, պրակտիկան նույնպես և նրանք ստիպված են արդեն լուծել պայմանագրերը՝ նախապես վարձակալությամբ վերցրած գների․ «Եվ ակամայից կանգնում են լուրջ խնդիրների առջև, մենք ունե՞նք մշակված մոտեցում կամ ծրագիր՝ նրանց զբաղվածության խնդիրը լուծելու համար և դրա հետ մեկտեղ զուգահեռ ֆինանսական խնդիրները մեղմելու։ Պարբերաբար կապի մեջ լինելով Արցախի ներկայացուցչության՝ Սերգեյ Ղազարյանի հետ, գիտեմ, որ հավաքագրում են ուսանողների տվյալները»։

Հարությունյանը պատասխանեց, որ պետնախարարին կխնդրի այդ ուղղությամբ աշխատել, եթե հնարավորություն լինի, կկազմակերպվի նրանց տեղափոխումը Արցախ․ «Եթե չէ, ինձ թվում է, պետք է մտածենք ընդհանուր պրոյեկտ՝ Հայաստանում որևէ տուրիստական բազայում տեղավորելու, ինչ-որ մի ճամբարում, որովհետև հյուրանոցներում անհնար է լինելու պահել, բնակարաններում՝ դժվար։ Եթե առաջիկա մի շաբաթվա մեջ զգանք, որ ճանապարհի հետ կապված խնդիրները ավելի խիստ են լինելու, քան մենք պատկերացնում ենք, նման լուծում կտանք։ Այն, որ մեր երիտասարդներին ու նրանց ընտանիքներին մենակ չպիտի թողենք, միանշանակ է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ