14 07 2021

Կան քրգործեր ՔՊ-ի հետ առնչություն ունեցող անձանց գործողությունների մասով, բայց մեղադրյալ չկա. Արամ Վարդևանյան



«Ի տարբերություն այլ դատարանի, Բարձր դատարանը միակ դատարանն է, որը կարող է բացահայտել այս ընտրությունների ամբողջ կոնտեքստը»,- Սահմանադրական դատարանում եզրափակիչ ելույթում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

«Այնպես ստացվեց, որ այս ընտրությունների կոնտեքստի մեջ առանցքային դերակատարում ունի 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որն իրենից ենթադրում էր հայրենիքի կորուստ, հազարավոր զոհեր, մարտիրոսված հերոսներ և բարդ ներքաղաքական իրավիճակ:

Հայաստանի Հանրապետությունը նոյեմբերի 9-ից հետո անվտանգ չէ, ՀՀ քաղաքացիներն անվտանգ չեն, մեր սահմաններն անառիկ չեն: Մենք ՍԴ-ում գործի քննություն ենք ունենում, բայց այդ ընթացքում գիտակցում ենք, որ մեր սահմաններից կարողանում է թշնամին ներթափանցել ներս: Մենք նման խնդիր երբևէ չենք ունեցել, նման մարտահրավերների առաջ Հայաստանի Հանրապետությունը կանգնած երբևէ չի եղել: Եվ այս ամբողջ իրադարձությունների կոնտեքստի բացահայտման մեջ շատ կարևոր է 2018 թվականից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետևանքը: Իսկ հետևանքն այն է հանդիսանում, որ ՀՀ վարչապետը փաստացի վերածվել է միապետի, ով նույնիսկ Հանրապետության նախգահի լիազորությունն է յուրացնում: Մենք մեր դիմումի մեջ ներկայացրել ենք, որ այս ընտրությունների շղթան սկիզբ էր առել մարտ ամսից՝ ՀՀ նախագահի լիազորությունը վարչապետի կողմից իրացնելու միջոցով, որը սույն քննության ընթացքում չհերքվեց»:

Վարչական ռեսուրսի չարաշահման մասին խոսելիս, Վարդևանյանը նշեց. «Մենք մեր դիմումում առավել քան հստակ ներկայացրեցինք վարչական ռեսուրսի խնդիրը, որն առհասարակ խաթարել էր հավասարության և օրինականության սկզբունքն այս ընտրություններում: Խոսվեց բավականաչափ ծավալուն կերպով, թե վարչապետը հրաժարական տալով կարող է շարունակել պաշտոնավարել, թե ոչ: Այս հարցի հստակ պատասխանն այն է, թե ինչու որոշեց բոլոր դեպքերում հրաժարական տալով հանդերձ շարունակել պաշտոնավարել: Դրա պատասխանը մեկն է՝ դա հենց վարչական ռեսուրսի չարաշահում է»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ