06  06  2018

«Սասնա Ծռեր»-ի անդամներից ևս մեկն ազատ արձակվեց. «Ելք»-ը երաշխավորել է երեք մեղադրյալի համար

«Սասնա Ծռեր»-ի անդամներից ևս մեկն ազատ արձակվեց. «Ելք»-ը երաշխավորել է երեք մեղադրյալի համար

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով մեղադրյալ Արեգ Կյուրեղյանը կալանքից ազատ արձակվեց: Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը և փոխեց խափանման միջոցը ստորագրությամբ բնակավայրից չհեռանալու մասին:

Արեգ Կյուրեղյանի համար անձնական երաշխավորագիր ներկայացրել էին Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը և Լենա Նազարյանը:

Արեգ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասի, 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 3-րդ մասի 1-ի կետի, 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4-րդ մասի 1, 2 կետերի հատկանիշներով:

Նշենք, որ «Ելք» խմբակցության նույն պատգամավորները երաշխավորություն են ստորագրել նաև Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին։

Նույն խմբակցության Պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանն էլ երաշխավորագիր են ստորագրել նույն գործով 5,5 տարի ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ օրերս դատարանը փոխեց նաև «Սասնա Ծռեր»-ի գործով ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի խափանման միջոցը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ