08 09 2023

Շինծու, արհեստական մեղադրանք. Փաստաբանը՝ Գարիկ Գալեյանին վերագրվող մեղադրանքի մասին



«Քանի որ մեզ դեռ սպասվում է կալանքի միջնորդության քննարկում, դրա համար չեմ կարող մեծ ինֆորմացիա տրամադրել այս պահին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Ըստ փաստաբանի՝ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է երկու արարքի կատարման համար։

«Խուլիգանություն, որն արտահայտվել է նրանով, որ անցյալ տարի գլխավոր դատախազության դիմաց, երբ ծնողները իրավաչափ ակցիա էին իրականացնում, իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային և  Գարիկ Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր վերջինիս գլխին: Այդ արարքը որակվել է որպես խմբով խուլիգանության կատարում, ընդ որում՝ ինձ համար պարզ չէ, թե խմբի մյուս անդամը ով է, հավանաբար, շիշը: Քանի որ մեղադրանքից պարզ չի դառնում։

Եթե մենք համադրում ենք այդ մեղադրանքի փաստական կողմը մեզ քաջ ծանոթ դեպքի հետ, երբ ԱԺ նախագահը բոլորի ներկայությամբ թքեց  քաղաքացու դեմքին, հասկանում եք, որ այստեղ խուլիգանության մասին  կամ խոսք չկա, կամ  ակնհայտ խտրական վերաբերմունք է, այսինքն  խուլիգանության հոդվածը գրպանում պահված  հոդված է պետության համար՝ մեղադրելու այն անձանց, ովքեր իրենց համար անցանկալի են»,- ասաց փաստաբանը։

Հարցին՝ ինչո՞ւ հիմա, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե հայտարարություն անեմ, որ  կապված է քաղաքական պրոցեսների հետ, կրկին կասեն փաստաբանը քաղաքական հայտարարություն է  անում, բայց  եթե իրադարձությունների ժամանակագրությունը դիտարկում ենք, երբ այդ ամեն ինչը սկսվեց, երբ ծնողները միացան «Հայաքվեին», երբ հայտարարեցինք, որ միանում են «Մայր Հայաստան» դաշինքին։  Այսինքն, այդ ամեն ինչը միմյանց հետո փոխկապակցված է»։

Երկրորդ մեղադրանքը, փաստաբանի ներկայացմամբ, իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու համար է։

«Անգամ չգիտեմ ինչ անվանում կարելի է  տալ սրան։ Շինծու մեղադրանք, արհեստական մեղադրանք, արհեստական ապացույցներ... բայց հավատացեք, որ  ամեն ինչ իրականում այդպես է»։

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանն այսօր ձերբակալվել է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ