07 07 2020

Աղմկահարույց հրապարակումից հետո փակվել է Աղավնաձորի ծերատուն-պանսիոնատը

Աղմկահարույց հրապարակումից հետո փակվել է Աղավնաձորի ծերատուն-պանսիոնատը

Yerevan.Today-ի աղմկահարույց հրապարակման արդյունքում փակվել է սոցապնախարարության՝ Աղավնաձորում մեկ ամիս առաջ բացված ծերատուն-պանսիոնատը․ հուլիսի 2-ից այն այլևս չի գործում:

Պատճառը, մեզ հայտնի դարձած տվյալներով, հրապարակումից հետո սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կաբինետում  հրավիրած քննարկումն է եղել:

Պանսիոնատը այլևս շահառու չունի, բացի այդ՝ դրա գործարկման հիմքում իրավակարգավորումների լուրջ խնդիրներ կան: Բանն այն է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդամենը վարչապետի հետ ունեցած բանավոր զրույցի հիման վրա շտապել էր  գործարքներ անել, մեկ անձինց գնումներ և որոշումներ կայացնել՝ առանց սպասելու ծերատուն-պանսիոնատը սեղծելու  նախագծի հաստատմանը, ինչի մասին գրել էինք մեր նախորդ հրապարակումներում:

Հատկաշնական է, որ այս ամբողջ գործընթացն այնքան հապճեպ ու ծածուկ էր կազմակերպվել, որ կառավարական օղակում մանրամասներին տեղեկացել են մեր հրապարակման միջոցով, պաշտոնական տեղեկատվություն չկա, որոշումները, արված գնումների մասին հրապարակումներ չկան:

 Թունավորման դեպքով բացահայտվեց իրականությունը

Խոսքը  մասսայական թունավորման դեպքով հայտնի դարձած Աղավնաձորի նորաբաց ծերատան մասին է, որտեղ պետության հոգածությամբ ապրող շահառուներին սոցապնախարարությունը, պարզվում է, կերակրում էր  փաբից պատվիրված կերակուրներով: Հունիսի 4-ից այստեղ ժամանակավոր հանգրվանում էին կորոնայից բուժված տարեց խնամյալները՝ իբր այն պատճառաբանությամբ, որ հիվանդանոցներից դուրս գրվելուց  հետո միանգամից չվերադառնան տուն-ինտերնատ, կազդուրվեն այստեղ: Ընդգծենք՝ այս ժամանակավոր պրոեկտի համար Բաթոյանը Փաշինյանից ստացել էր 156 մլն դրամի փոխանցման համաձայնություն:

Եվ ահա հունիսի 22-ին  փաբային սննդի թունավորման դեպքով էլ ողջ պատմությունը դուրս ելավ ջրի երես:

Արդյունքում՝ կառավարության իրադրային որոշմամբ ստեղծված Նորքի տուն-ինտերնատի դուստր ձեռնարկության գործունեությունը 1 ամիս անց դադարեցված է, պանսիոնատի շենքը դատարկվել է շահառուներից, սպասարկող անձնակազմը հուլիսի 2-ից լքել է տարածքը: Այս պահի դրությամբ օդում կախ է մնում պանիսնոատի կարգավիճակը, որը դեռ նոր-նոր պիտի ամրագրվեր ԱՆ պետռեգիստրում՝ որպես Նորքի տուն-ինտերնատի պանսիոնատային մասնաճյուղ:

Այո, այսպիսին է սոցապնախարարության էքսցենտրիկ որոշման հիմքը, որի  նախագիծը ընդամենը օրեր առաջ հաստատվեց՝ կառավարության համապատասխան որոշմամբ։ Իսկ մինչ այդ տիկին Բաթոյանը շտապել էր հունիսի 4–ից գործերկել ծերատուն-պանսիոնատը,  սպասարկող անձնակազմի հետ պայմանագրեր էին կնքվել շատ ավելի վաղ՝ հունիսի 2–3-ի դրությամբ: 

 «Էպիկուրը» գրանցված չէ սննդի օպերատորների ցանկում, բայց մատակարարման գործարք է արել պետության հետ

Մեր նախորդ հրապարակումը սոցապնախարարություն-փաբ գործընկերային կապի, դրա «թունավոր» հետևանքների մասին էր։ Այո՛, զարմանալ պետք չէ, իրականում Երևան, Պուշկինի 40 հասցեում գործող «Էպիկուր» փաբն է շահել սոցապի սննդի մատակարարման տենդերը։

 Այս ճոխությունն իրեն թույլ էր տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զուտ այն պատճառով, որ «Էպիկուր» գաստրո-փաբի սեփականատերը(ներ) որոշակի կապեր է ունեցել նախարարության հեղափոխական ղեկավարներից մեկի հետ․ այս մասին փոխանցում է նախարարության աղբյուրը:

Այսպիսով, անձնական կապերի շնորհիվ մեկ անձից գնում անելու բացառիկ շանսով «Էպիկուր» ընկերության սեփականատեր ոմն Տիգրան Գասպարյանը դարձել է պետության գործընկեր և սա այն դեպքում, երբ հեղափոխությունից հետո բացված «Էպիկուր»-ը մինչ օրս գործել է անօրինական դաշտում, փաբը գրանցված չէ սննդի օպերատորների շղթայում: Այս մասին Yerevan․Today-ի հետ զրույցում հաստատել է նաև սննդի անվտանգության տեսչական մարմինը։ 

Ուստի հայտնի չէ՝ ի՞նչ կարգավիճակով է այս զավրճանքի վայրը երկու տարի շարունակ հաճախորդներ սպասարկել Երևանի փոքր կենտրոնում՝ հընթացս աննկատ մնալ վերահսկող տեսչական մարմինների կողմից, ինչպե՞ս է հաջողել խոցելի հիմքերով դառնալ ծերատան սննդի մատակարար:

Մի կողմ թողնենք այս կասկածելի դրվագները... Փաստն այն է, որ սննդի օպերատոների շղթայում գրանցված չլինելու հակաօրինական փաստը շրջանցել է անգամ սոցապնախարարությունը․ սա մի չոփորոշիչ է, որ անպայմանորեն հաշվի է առնվում գնման գործընթացը կազմակերպելիս, բայց ինչպես երևում է՝ Նոր Հայստանում օրենքի պահանջն այլևս տաբու չէ պաշտոնյաների համար:

Իսկ ինչո՞ւ,  հանուն ո՞ւմ ֆինանսական շահերի է սոցապնախարարությունն ակնհայտ առավելություն տվել Տիգրան Գասպարյանի ընկերությանը, ինչո՞ւ էր նախարարությունը նախընտրել «էպիկուրի»  հետ թանկարժեք ու յուրօրինակ պայմաններով գործարքը՝ մատակարարումն ամեն օր, օրական երեք անգամ Երևանից Աղավնաձոր փոքր քանակով սննդի առաքումով՝ մի քանի միլիոնանոց գործարքի դիմաց, մինչդեռ գերատեսչությունը կարող էր մատակարարումն ապահովել հենց Կոտայքի մարզից, ինչո"ւ ոչ։ Ի վերջո, ինչո՞ւ ոչ մի դեպքում նախարարությունը չէր դիտարկել սնունդը տեղում պատրաստելու հնարավորությունները, մանավանդ որ պայմանները կային:

Այս բոլոր հարցադրումներին և առհասարակ՝ 30 անձանց թունավորման դեպքին մինչ օրս նախարարությունը որևէ անգամ պարզաբանում չի հնչեցրել, լրատվական ծառայությունը չի կարողանում մեկ հոդաբաշխ նախադասությամբ տեղեկատվություն տրամադրել կատարվածի մասին, թեմային առնչվող մյուս կառույցներից խուսափոխական պատասխան են մեզ փոխանցում։ Իսկ այս ամենի թիվ 1 պատասխանատու նախարար Զարուհի Բաթոյանը հարկ չի համարել պատասխանել մեր հրապարակային հարցադրումներին:

 Ծածկադմփոցը չհաջողվեց

Ընդգծենք, ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների նախարարությունը Աղավնաձորի ծերատան թունավորման դեպքի մասին ահազանգ չեն ստացել․․․ սա շատ տարօրինակ փաստ է, մանավանդ, եթե հաշվի առնենք երկրորդ էական  հանգամանքը՝ Սննդի անվտանգության տեսչական մարմինը նմուշառում կատարելու համար ուշացած է այցելել  «Էպիկուր»  մատակարարող փաբ՝ հունիսի 26-ին, այսինքն՝ դեպքից 4 օր անց:  Մինչ այդ՝ Սննդի անվտանգության տեսչական մարմինը փորձաքննության հումք՝ սնունդի նմուշառում դեպքի վայրից չի արել, հիմնավորում են՝ պաշար չկար։ Իսկ ծերերի թունավորումից հետո 4 օր անց  մատակարարի մոտ նրանց հայտնվելը պատճառաբանվում է այսպես՝ իբր դժվարությամբ են  հայտնաբերել մատակարարին: Իրականում սակայն դեպքերի հաջորդականությունը այլ բան է հուշում՝ ստուգայցի նշված ժամկետն ակնհայտորեն համընկնում է Yerevan.Today-ի կողմից թեման հանրայնացնելու հետ, այսինքն պետական ծառայությունից գործի են անցել ճիշտ այն ժամանակ, երբ հասկացել են, որ ծածկադմփոց անելու շանս այլևս չկա:

 Հիշեցնենք՝ Yerevan․Today-ի նկարահանող խումբն իր աղբյուրիների ահազագով անմիջապես ուղևորվել էր Աղավնաձորի պանսիոնատ, հանրայնացրել էր շահառուների ու սպասարկող անձնակազմի թունավորման արտակարգ դեպքը՝ բավականին ուշագրավ մանրամասներով:

Ավելի վաղ գրել էինք նաև կորոնայի պատճառաբանությամբ մի նոր ծերատուն տեղծելու կառավարության արհեստածին նպատակի մասին, անդրադարձել էինք պանսիոնատի հատկացման շուրջ կառավարական շենքում տետ ա տետ պայմանավորվածություններին,  ու բանավոր խոստման հիմքով պանիսնոտի գործարկման զավեշտալի գործարքներին։ Գրել էինք այլոց միջոցներով կատարվող ծախսերի, ուրիշ կառույցի հաշիվներից իրականացվող փոխանցումների և այս բոլոր տիպի գործարքների հիմքում փաստաթղթերի թերի լինելու պատճառների մասին։ 

Ընդգծենք, բացակա հիմքերով գործարքների շուրջ, ըստ աղբյուրի, բավականին լուրջ խնդիրներ էին ծագել նախարարության ՊՈԱԿ-ների ղեկավարների միջև,Նորքի տուն-ինտերնատի տնօրենը հրաժարվել է ստորագրել մի շարք փաստաթղթեր, որոնք, ըստ էության, իրավաչափ չեն եղել:

Մեր ներկայացրած այս ամբողջ տեղեկատվությանը, նկատենք, պետական համակարգից պատասխան չկա, միակ ստացված արձագանքը փաստացի եղավ այն, որ պանիսոնատը փակվեց, իսկ ոչ իրավաչափ գործողությունների մասով շարունակում է լուռ մնալ ՀՀ Գլխավոր դատախազությունը:

 Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ