28 11 2019

Ամիսներով կսպասենք՝ բժշկին վճարելու փոխարեն․ Չալաբյանը՝ նոր հարկի մասին

Ամիսներով կսպասենք՝ բժշկին վճարելու փոխարեն․ Չալաբյանը՝ նոր հարկի մասին

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը գրում է․

«Նոյեմբերի 22-ին Առողջապահության նախարարությունը հանրության քննարկմանն է դրել «Առողջության համապարփակ ապահովագրման» հայեցակարգը, որը խիստ հավակնոտ, մասշտաբային փաստաթուղթ է, և արտահայտում է առողջապահության ոլորտում գործող իշխանության բարեփոխումների հիմնական մոտեցումները։ Այս փաստաթուղթը անմիջապես լայն հանրային արձագանք է ստացել, ուստի կուզենայի մի քանի նախնական մոտեցումներ արտահայտել նրա վերաբերյալ, ենթադրելով, որ նրա շուրջ հանրային քննարկումները դեռ երկար պետք է շարունակվեն;

ա) Նախ, դրական փաստ է բուն հայեցակարգի գոյությունը, այն բավական հանգամանալից և որակով է մշակված, և հասցեագրում է իրական և սուր խնդիր՝ Հայաստանում պետական բյուջեի միջոցով ծածկվում է բնակչության ընդհանուր առողջապահական ծախսերի միայն ոչ մեծ մասը, և պետության կողմից երաշխավորված առողջապահական ծառայությունները և սահմանափակ են տեսականիով, և ոչ որակյալ։ Արդյունքում, բնակչության մեծ մասը ստիպված է ծառայությունների մեծ մասի համար վճարել անմիջականորեն սեփական միջոցներից, իսկ մի մասի համար էլ դրանք ընդհանրապես մատչելի չեն։

բ) Առաջարկվող լուծումը ևս հասկանալի է՝ ներդնել առանձին Առողջության հարկ՝ աշխատողների և ինքնազբաղվածների եկամուտների մոտ 6%-ի չափով, դա հնարավորություն կտա ավելի քան կրկնպատկել բյուջետային հատկացումները առողջապահությանը, ընդարձակել մատուցվող առողջապահական ծառայությունների փաթեթը, և դարձնել այն հասանելի բոլոր (ներառյալ խոցելի) սոցիալական խմբերի համար՝ ապահովելով նաև սոցիալական համերաշխություն և ներառականություն։

գ) Վերը նշվածը հրաշալի նպատակ է, բայց դրա իրագործումը խնդրահարույց է մեր պայմաններում, մի քանի պատճառներով։ Նախ, բոլորովին փաստ չի, որ պետությունը հավաքագրելով լրացուցիչ հսկայական միջոցներ (մոտ 120 մլրդ դրամ 2021 թ․), կարողանալու է դրանք արդյունավետ, առանց կոռուպցիայի և վատնումների ծախսել։ Այսօր այդ միջոցները ծախսում ենք մենք ինքներս, և դա անում ենք շուկայական տրամաբանությամբ՝ գնում ենք այն հիվանդանոցը, և այն բժշկի մոտ, որին վստահում ենք, նրանք էլ մրցակցելով մեր միջոցների համար, փորձում են ծառայությունների որակը բարելավել։ Վաղը, երբ մեր փոխարեն իրենց վճարի պետությունը, այդ որակը կարող է դառնալ այնպիսին, ինչպիսին այսօր առկա պետական ծառայություններն են, և մենք նույն միջոցների դիմաց շատ ավելի վատ ծառայություններ կստանանք։

դ) Երկրորդը, լրացուցիչ հարկ մտցնելը ինքնին խնդրահարույց է, քանի որ մեր երկրում եկամտահարկ վճարողների և ինքնազբաղվածների մեծ մասը իրականում միջինից ցածր եկամուտ են ստանում, և նրանց համար սա լրացուցիչ ծանր բեռ է։ ենք մի քանի տարի պայքարել ենք եկամտահարկը նվազեցնելու և պարզեցնելու համար, այս տարի Ազգային Ժողովը վերջապես ընդունեց այդ օրենքը, և հիմա դրա դրական հետևանքները կրկին հոդս կցընդեն, եթե եկամուտների վրա նոր մեծ հարկ մտցվի։

ե) երրորդն էլ, առողջապահական ծառայությունները բարդ, բազմաշերտ, տեխնոլոգիական ոլորտ են, յուրաքանչյուր հաճախորդ իր ձևի մեջ ունիկալ սպասարկում է պահանջում։ Այսօր արդեն պետության կարողությունները դրանք կառավարել կենտրոնացված ձևով՝ խիստ սահմանափակ են, և բերում են հսկայական ադմինիստրատիվ բեռի։ Վաղը, երբ պետությունը հավակնի կառավարել ավելի քան երկու անգամ ավելի մեծ ծառայությունների փաթեթ, որում բացի բազայինից, ներառվելու են նաև բազմաթիվ բարդ ծառայություններ, այդ կառավարման բարդությունը կարող է անտանելի դառնալ, մենք ստիպված կլինենք ամիսներով սպասել, որ մեր հայտերը դիտարկվեն և բավարարվեն, պաշտոնյանների դռները կծեծենք, կփորձենք նրանց շահագռգռել, և այլն՝ պարզապես բժշկին անմիջականորեն վճարելու փոխարեն։

Ամփոփելով, նշեմ, որ չնայած հայեցակարգի նպատակները դրվատելի են, և պետք է իսկապես ուղիներ գտնել՝ հանրային առողջության շարունակական բարելավման համար, առաջարկվող միջոցները վիճահարույց են, և կարող են բերել անկանխատեսելի հետևանքների։ Հաշվի առնելով բուռն հանրային արձագանքը, խորհուրդ կտայի Առողջապահության նախարարությանը՝ չշտապել այս հայեցակարգի հետ, լայն հանրային քննարկումների ճանապարհով գտնել լուծումներ, որոնք հասցեագրում են վերը բարձրացված խնդիրները։

Մասնավորապես, Հիմնական ծառայությունների փաթեթը կարելի է ընդլայնել փուլային ճանապարհով, ամեն փուլում հավաստիանալով, որ ծառայությունների որակը չի տուժում, համակարգը ընդունակ է այն կառավարել, և նոր անցնել հաջորդ փուլին։ Նոր պարտադիր հարկ ներմուծելու փոխարեն, պետք է մտածել կամավորության սկզբունքի և բյուջետային միջոցների խելամիտ վերաբաշխման մասին։ Նաև, եթե խնդիրը սոցիալապես անապահով խավերին աջակցելն է, գուցե պետք է մտածել թիրախային առողջապահական նպաստների մասին՝ հենց այդ խավերի համար, ոչ թե ամբողջ համակարգը պետականացնելու։ Այս ոլորտում լուծումների դաշտը շատ լայն է, աշխարհում էլ չկա մեկ միասնական մոդել, ուստի պետք է աշխատել՝ մեր պայմանների համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։ Հուսով եմ, գործող Կառավարությունը սա կգիտակցի, և չի կրկնի Տիգրան Սարգսյանի կառավարության սխալները, երբ համանման պայմաններում Կուտակային կենսաթոշակների համակարգի հապշտապ ներդրումը բերեց սոցիալական հուժկու բողոքի ալիքի, և արդյունքնում նպաստեց այդ Կառավարության հեռանալուն»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ