27 11 2019

Ինչո՞ւ պետք է աշխատողները վճարեն չաշխատողների համար․ Թորոսյանի պարզաբանումը

Ինչո՞ւ պետք է  աշխատողները վճարեն չաշխատողների համար․ Թորոսյանի պարզաբանումը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան եթերում հայտնեց, որ  առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը արդեն տեղադրվել է E-draft կայքում։ 

Նախարարը նշել է, որ թեմայի հարցով քննարկումներն ընթանում են սխալ ուղղությամբ։

«Մենք մեր առողջության վրա ազգովի ծախսում ենք ավելի շատ գումար, քան առաջարկվում է նոր մեխանիզմով հավաքագրել: Բացարձակ կարևոր չէ ֆինանսի աղբյուրը, կարևորը նպատակն է: Եթե նպատակին բոլորս համաձայն ենք, ապա աղբյուրների մասին կարող ենք բանավիճել: Իսկ մեր նպատակը, որպես առողջապահության նախարարություն և սոցիալական պետություն, հետևյալն է. ունենալ համապարփակ ծածկույթ Հայաստանի Հանրապետության  ամբողջ ազգաբնակչության համար։ Քանի որ մենք ամեն դեպքում այդ գումարները ծախսում ենք առողջության վրա, մենք ընդամենը առաջարկում ենք այդ գումարների հավաքման եւ բաշխման նոր մեխանիզմ, որը ավելի էֆֆեկտիվ է, ավելի արդար է եւ ավելի լավ արդյունքներ է բերելու պետության համար», - նշեց նախարարը:

«Հիմա անդրադառնամ այն խմբի հիմնական արգումենտին, ովքեր ասում են՝ մենք, միևնույնն է, ունենք ապահովագրություն: Դրա պատասխանը հետևյալն է. դուք չպետք է վճարեք և գործատուն նորից չպետք է վճարի առողջության ապահովագրության համար, քանի որ պետությունը նոր մեխանիզմ ներդնելով արդեն լուծում է այդ հարցը։ Ոչ ոք երկու անգամ չի վճարելու առողջության ապահովագրության համար, քանի որ մեր առաջարկած համակարգը, որը դրված է հանրային քննարկման, այնքան լավն է, որ հավելյալ ծախսի կարիք պրակտիկորեն չի առաջանալու», - ասաց Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ ոմանք էլ ասում են՝ ինչու պետք է աշխատողները վճարեն չաշխատողների համար.

«Հիշեցնեմ, որ այդ չաշխատողների մեջ են մտնում մեր իսկ ծնողները, հարազատները, ուսանող-երեխաները, դեռ չաշխատող երեխաները: Դրա մեջ ենք մտնում մենք. որևէ հիվանդության պատճառով մենք կարող ենք զրկվել աշխատունակությունից: Ես որևէ հիվանդության պատճառով կարող եմ այլևս չաշխատել, բայց ես նորից կմնամ ապահովագրված», - ասաց Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով` դա նույնն է, ինչ մարդիկ հարցնեն, թե ինչու պետք է իրենց վճարած հարկերի հաշվին կառուցած ճանապարհով երթեւեկեն նաեւ այն մարդիկ, ովքեր հարկեր չեն վճարում։

«Ես երեկ նորից նշեցի, որ այն հարկատեսակը, որը մենք առաջարկում ենք, կարող է լինել 0 դրամ: Եթե մենք այդ աղբյուրը գտնենք այլ տեղից, մենք մտադրություն չունենք որևէ մեկի վրա հավելյալ հարկատեսակ դնելու», - ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանը նշեց նաև, որ կազմակերպվելու են քննարկումներ, որոնց մասնակցելու են բոլոր կողմերը. թե՛ ապահավագրված անձինք, թեծ չապահովագրված անձինք, թե աշխատողները և թե չաշխատողները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ