08  06  2018

Մեկ ամսում թունաքիմիկատներով թունավորման 36 դեպք է գրանցվել. Ո՞րն է պատճառը

Մեկ ամսում թունաքիմիկատներով թունավորման 36 դեպք է գրանցվել. Ո՞րն է պատճառը

Այս տարի՝ մայիսի դրությամբ, արձանագրվել է թունաքիմիկատներով թունավորման 36 դեպք: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է թունաքիմիկատներով թունավորման 42, իսկ 2016-ին՝ 66 դեպք:

Փաստացի թունաքիմիկատներով թունավորումների ցուցանիշը 2017թ. համեմատ նվազել է 1.2 անգամ, 2016-ի համեմատ՝ 1.8 անգամ, ինչը պայմանավորված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից տարածքային կառավարման մարմինների, ինչպես նաև ԶԼՄ-ի աջակցությամբ բնակչության շրջանում խնդրի վերաբերյալ լայնածավալ իրազեկման աշխատանքով:

Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:

Այս տարվա առաջին 5 ամսում թունաքիմիկատներով թունավորումները հիմնականում արձանագրվել են Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում: Հիմնական պատճառը  (56%) թունաքիմիկատներն առանց անհատական պաշտպանիչ միջոցների կիրառելն է, դրանց ոչ ճիշտ պահպանումը և մակնշումը:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է պահպանել թունաքիմիկատների օգտագործման և պահպանման կանոնները, մասնավորապես՝

  • հետևել թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա,  
  • չգնել թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված է Ձեզ համար անհասկանալի լեզվով,  
  • թունաքիմիկատով աղտոտված հագուստը լվանալ և պահել առօրյա հագուստից առանձին,  
  • տեղադրել նախազգուշացնող ցուցանակներ՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք արգելելու նպատակով,  
  • չպահել թունաքիմիկատները և հեղուկացիր սարքավորումները պատահական վայրերում,  
  • պահել թունաքիմիկատները սննդամթերքից հեռու, երեխաներին ոչ մատչելի վայրերում,  
  • չպահել թունաքիմիկատները պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում,  
  • չօգտագործել թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով կիրառելու համար,  
  • պահպանել մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս և թունաքիմիկատով մշակված մթերք օգտագործելիս,  
  • չիրականացնել թունաքիմիկատներով մշակումը քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու հակառակ ուղղությամբ,  
  • պատրաստել թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում,  
  • օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիտ կոշիկներ) թունաքիմիկատի հետ աշխատելիս,  
  • չփչել հեղուկացրի (սրսկիչ սարք) խցանված ծայրադիրի մեջ,  
  • թունաքիմիկատ օգտագործելուց հետո օճառով լվանալ ձեռքերը և դեմքը՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը,  
  • լվանալ աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով,  
  • չօգտագործել թերություններ ունեցող սարքեր։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ