12 04 2018

Երեք հիվանդանոցի լուծարում՝ մեկ օրում

Երեք հիվանդանոցի լուծարում՝ մեկ օրում

Տավուշում, Սյունիքում և Գեղարքունիքում հիվանդանոցներ են լուծարվում: Նման որոշում կառավարությունը կայացրեց ապրիլի 12-ի նիստում:

Մասնավորապես, լուծարվեց պաշտպանության նախարարության՝ Բերդի առանձին բժշկական ջոկատը: Այն գործում էր որպես զորամաս:

Համաձայն հիմնավորման, «Բերդի բժշկական կենտրոն»-ը և ՊՆ Բերդի առանձին բժշկական ջոկատը տեղակայված են մեկ տարածքում, Բերդի տարածաշրջանի բնակչության շրջանում բարդ վիրաբուժական դեպքերի հիմնական մասը սպասարկվում է ջոկատի կողմից: Միաժամանակ, հիվանդանոցը տեխնիկապես հագեցած է ավելի բարձրորակ բժշկական սարքավորումներով, շենքային պայմաններն ավելի բարվոք են:

Հիվանդանոցը և ջոկատն առօրյա գործունեության ընթացքում հաճախ կրկնում են տարածաշրջանի բնակչության ստացիոնար բժշկական օգնության գործառույթները, երբեմն նաև խանգարելով մեկմեկու: Երկու բժշկական կազմակերպությունների անջատ գործելու արդյունքում փոշեցրվում է տարածաշրջանի առանց այդ էլ սակավաթիվ բժշկական ներուժը:

 

Լուծարման ցանկում հայտնվեց նաև «Սիսիանի բժշկական կենտրոն»-ը: Հիմնարկն ուներ 5932.25 քառ. մետր ընդհանուր մակերես, 58,746.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինություններ և դրանց սպասարկման ու օգտագործման համար հատկացված` 2.38 հեկտար հողամաս: Գույքը հանձնվեց Պաշտպանության նախարարության «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկին:

«Սիսիանի բժշկական կենտրոն»-ը, համաձայն հիմնավորման, ունի  թույլ լաբորատոր և ախտորոշիչ գործիքային համալրվածություն, առկա սարքավորումները հին են, չի ապահովում արդի բժշկական օգնության համապատասխան մակարդակ և որակ: Տրվել է նաև նույն հիմնավորումը, ինչը նախորդ և հաջորդ հիվանդանոցների պարագայում է՝ Հիվանդանոցը և հոսպիտալն առօրյա գործունեության ընթացքում հաճախ կրկնում են տարածաշրջանի բնակչության ստացիոնար բժշկական օգնության գործառույթները, երբեմն նաև խանգարելով մեկմեկու:

Կառավարությունն առողջապահության նախարարին հանձնարարել է Սյունիքի մարզպետի հետ համատեղ քննարկել հիվանդանոցի աշխատակիցներին հոսպիտալում համապատասխան աշխատանք առաջարկելու հարցերը:

 

Մյուս լուծարումը վերաբերում էր «Վարդենիսի հիվանդանոց» ՓԲԸ-ին: Այս հաստատությունն էլ ուներ 4657.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 28,880.77 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենք, շինություններ և դրանց սպասարկման ու օգտագործման համար հատկացված` 0.99 հեկտար հողամաս:

Վարդենիսի հիվանդանոցում, համաձայն գործադիրի հիմնավորման, ցածր շահութաբերության պատճառով երկար տարիներ, բացի ընթացիկ նորոգումներից, հիվանդանոցում որևէ այլ շինարարական աշխատանքներ չեն իրականացվել, որի կապակցությամբ հիվանդանոցի շենքը կարիք ունի կապիտալ վերանորոգման:

Բացի այդ, հիվանդանոցն ունի կադրային ցածր համալրվածություն, հատկապես նեղ մասնագետների առումով, թույլ լաբորատոր և ախտորոշիչ գործիքային համալրվածություն, առկա սարքավորումները առնվազն 20-25 տարեկան են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ