21  01  2020

Սպանդանոցային մորթը հանգեցնելու է մսամթերքի անվերահսկելի թանկացման․ ՀՅԴ

Սպանդանոցային մորթը հանգեցնելու է մսամթերքի անվերահսկելի թանկացման․ ՀՅԴ

ՀՅԴ  Հայաստանի Գերագույն մարմնի Մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը հայտարարություն է տարածել, որով անդրադարձել է ՀՀ կառավարության ընդունած և 2020 թ. հունվարի 15-ից գործադրած որոշմանը, ըստ որի՝ ՀՀ ողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ:

Yerkir.am-ը ստորև ներկայացնում է հայտարարությունն ամբողջովին.

«Հանրության շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել բացառապես սպանդանոցների միջոցով անասունների մորթի կազմակերպման կառավարության որդեգրած դիրքորոշումը:

Գյուղատնտեսությունը և մասնավորապես անասնապահությունը հանդիսանում են Հայաստանի տասնյակ հազարավոր ընտանիքների եկամտի եթե ոչ միակ, ապա հիմնական աղբյուրը: Ուստի, այս ոլորտում կառավարության ձեռնարկած ցանկացած քայլ պետք է միտված լինի ոլորտի զարգացմանը, դյուրացնի անասնապահությամբ զբաղվելը և բարձրացնի անասնապահությամբ զբաղվող տնային տնտեսությունների ու ձեռներեցների եկամուտը: Մինչդեռ, հերթական անգամ կառավարությունը խնդրի լուծումը պատկերացնում է ոչ թե ամբողջական, այլ հատվածային և չկշռադատված:

Խնդիրն այն է, որ թեև սննդի անվտանգության ապահովման կարևոր մեխանիզմներից մեկը սպանդանոցային եղանակով մորթի կազմակերպումն է, սակայն այն ենթադրում է բոլոր անհրաժեշտ և բավարար պայմանների առկայություն, որոնք ներկայումս բացակայում են: Ուստի, դրական արդյունք ապահովելու փոխարեն առաջանում են բարդություններ թե՛ անասնապահությամբ զբաղվողների, թե՛ անասունների մորթով զբաղվողների, թե՛  սպառողների համար:

Մասնավորապես.

1.  Չկա սպանդանոցային մորթի անհրաժեշտության հանրային լայն ընկալում: Ավելին՝ այս վիճակում նշված պահանջի կիրառումը հանգեցնելու է մսամթերքի գների անվերահսկելի բարձրացմանը, ցածրորակ մսամթերքի ներմուծմանը` վնասելով տեղական արտադրությանը:

2.  Հայաստանի մարզերում բացակայում են որակյալ և բավարար մրցակցություն ապահովող անհրաժեշտ քանակի սպանդանոցներ: Անհրաժեշտության դեպքում պետությունը պետք է ստեղծի այդպիսի համակարգ՝ ամբողջությամբ պետական կամ մասնավորի հետ համատեղ (այդ թվում՝ ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների մասնակցությամբ):

3.  Ֆինանսական լրացուցիչ բեռ է դրվում գյուղացու (անասուն ունեցողի) վրա:

4.  Սպանդանոցային եղանակով մորթի կազմակերպումը պետք է տնտեսապես շահավետ լինի թե գյուղացու, թե սպանդանոցը գործարկողի և թե սպառողի համար:

5.  Անասունների մորթի գործում մասնագիտացած անձինք չպետք է հայտնվեն գործազուրկի կարգավիճակում, այլ պետք է հնարավորություն ունենան իրենց մասնագիտական որակներն օգտագործել սպանդանոցային մորթի բնագավառում՝ ապահովելով աճող եկամուտ իրենց ընտանիքների համար:

6.  Պետք է ընդլայնել և բարձրացնել անասնաբուժական ծառայությունների հասանելիությունն ու որակը՝ անհրաժեշտ դեղորայքը ժամանակին ապահովելու և բարձրակարգ անասնաբույժների համակարգի ստեղծման միջոցով:

7.  Հանրային, համայնքային և պետական պատշաճ հսկողություն ապահովելու նպատակով հարկ է վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրությունը:

Վերը նշված պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ է հաստատել և գործադրել գործողությունների հստակ ծրագիր և ժամանակացույց, ոլորտի խրախուսման և պետական աջակցության նոր փաթեթի ընդունում՝ ի հավելումն աջակցության գործող մեխանիզմների:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

21 հունվարի 2020 թ.»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ